Apple կորպորացիան կզբաղվի գեղարվեստական ֆիլմերի նկարահանմամբ և այդ նպատակով համաձայնագիր է ստորագրել Նյու Յորքում հաստատված A24 ընկերության հետ: Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը:

Գործընկերները պլանավորում են համատեղ նախագծին ձեռնամուխ լինել հաջորդ տարի: Սկզբնական շրջանում A24-ը կինոֆիլմերն ու հեռուստաշոուները թողարկելու և ցուցադրելու է անվճար: Այս մոտեցումը միտված է հանդիսատեսի վստահությունը նվաճելուն և նպատակային լսարանի համախմբմանը:

Կողմերի միջև կնքված համաձայնագրի պայմանները դեռևս չեն բացահայտվում: A24-ը նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Սենյակը» (2015 թ.), «Էմի» (2015 թ.), «Լեդի Բյորդը» (2017 թ.) և «Լուսնի լույսը» (2016 թ.) կինոնկարները: Վերջին ժապավենը 2017թ-ին «Օսկար» մրցանակ է ստացել «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ադապտացված սցենար», և «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգերում:

1976թ-ին հիմնադրված Apple-ն արտադրում է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ և բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան գերազանցում է 1 տրիլիոն դոլարը: