«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն համարվող «Շալոն»՝ Շալիկո Մանուչարյանը տուժող է ճանաչվել Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում և հարցաքննվել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՔԿ-ն հայտարարեց, որ 2017թ-ին մի խումբ մարդիկ ծրագրել են իրականացնել քրեական հեղինակություն համարվող, Վանաձորի բնակչի սպանությունն և այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, դիպուկահար հրավիրվել արտերկրից։

Սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվում է 43-ամյա երևանցի, ով պրոֆեսիոնալ կարատեիստ է։ Վերջինս կալանավորվել է։ Պարզվում է, որ հենց նա է դիպուկահարին հրավիրել, նրա համար չվերթի տոմս գնել, ճանապարհածախսի համար գումար ուղարկել, իսկ Հայաստանում էլ նրան դիմավորել է օդանավակայանում և տեղափոխել Արմավիրում գտնվող հյուրատուն, ապա օրեր անց՝ Վանաձոր։ Սպանությունը ձախողվել էր, քանի որ Վանաձոր տեղափոխվելուց օրեր անց հենց դիպուկահարին են գտել մահացած՝ նրա համար վարձակալված բնակարանում։

Սպանվածի դին Վանաձորից Երևան է տեղափոխվել նրա հանցակցի կողմից՝ սպանության, ինչպես նաև քրեական հեղինակության սպանության նախապատրաստության հետքերը թաքցնելու նպատակով։

Սպանված դիպուկահարը տուժող է ճանաչվել։ Նրա հետ միասին տուժող է ճանաչվել նաև քրեական հեղինակությունը, ում պետք է սպաներ դիպուկահարը։