Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ հայտարարել է, որ դիվանագիտական խողովակների միջոցով բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին ամերիկյան վիզա տալու համար:

«Անօրինական ռեժիմի ներկայացուցչի մուտքը Միացյալ Նահանգներ և ԱՄՆ-ի տարածքում անջատական կառույցների խրախուսման թույլտվությունը հակասում է այդ երկրի պարտավորություններին որպես Մինսկի խմբի համանախագահի, ինչպես նաև անօրինական անջատական ռեժիմը չճանաչելու մասին ԱՄՆ-ի բազմիցս հայտնած պաշտոնական դիրքորոշմանը: Այդ քայլը նաև վնաս է հասցնում հակամարտության կարգավորմանը բանակցային ճանապարհով»,- «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը նաև նշել է, որ «անջատական ռեժիմների խրախուսմանն ուղղված նման քայլերը հարցեր են առաջացնում, կապված Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի հարաբերությունների անկեղծության հետ»: