Եմենի «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժման կողմնակիցները հայտարարել են Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Եմենում նրանց դաշնակիցների դեմ հրթիռահարվածների և անօդաչուների գրոհների դադարեցման մասին:

Նոյեմբերի 18-ին այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով շարժման հայտարարությունը:

«Մենք պատրաստվում ենք ավելի լայն հրադադարի՝ պայմանով, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան խաղաղություն է ցանկանում»,- ասված է փաստաթղթում:

Նոյեմբերի 15-ին Reuters-ը հայտնել էր, որ արաբական կոալիցիան հրաման է տվել Եմենի արևմուտքում «Անսար Ալլահ» խռովարար կազմավորման կողմից վերահսկվող Հոդեյդա քաղաք-նավահանգիստի դեմ հարձակողական գործողության դադարեցման մասին: Եմենում 2014թ-ի օգոստոսից շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի և հուսի խռովարարների միջև:

Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015թ-ի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներխուժմամբ: Եմենի Իրավունքների և զարգացման կենտրոնի տվյալներով՝ 2015թ-ի գարնանից երկրում սպանվել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ գրեթե 2,4 հազար երեխա և շուրջ 2 հազար կին: Նույն ժամանակամիջոցում վիրավորվել է 18,5 հազար եմենցի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: