Ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո: Այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից։

Հեռախոսամարաթոն-2018-ը մեկնարկել է Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետը վերցրել են Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: Այս տարի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ հատելով 10. 000-ի սահմանը:
Համահայկական հիմնադրամի Հեռախոսամարաթոն-2018-ի գումարներն ուղղվելու են Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Արցախում արևային էներգիայի ներդրմանը, նաև Հալեպի հայերի կարիքներին:

Համաեվրոպական Հեռախոսամարաթոն 2018թ-ի արդյունքներն ըստ տարածաշրջանի.

Փարիզ՝      686 162 եվրո
Մարսել՝     207 149 եվրո
Լիոն՝         177 988 եվրո
Թուլուզ՝     66 447 եվրո
Ֆրանսիա ընդհանուր՝    1 137 746 եվրո
Գերմանիա՝          73 845 եվրո
Շվեյցարիա՝         19 717 եվրո
Հունաստան՝        11 150 եվրո։