Երևանում սկսվում է նախապես հայտարարված հեծանվային երթուղու կահավորումը համապատասխան ճանապարհային նշաններով: Այդ մասին ասվում է ճանապարհային ոստիկանության հայտարարության մեջ:

2018թ. նոյեմբերի 19-ին նշված նշաններով կկահավորվեն Բաղրամյան, Մաշտոցի պողոտաները և Գր. Լուսավորչի փողոցը:

Ոստիկանությունն ավելի վաղ առաջարկել էր Երևանի Իսակովի, Արշակունյաց, Տիգրան Մեծ, Խանջյան, Կորյուն, Սայաթ Նովա, Թումանյան, Ամիրյան, Գրիգոր Լուսավորիչ, Մաշտոց, Բաղրամյան, Աբովյան, Արգիշտի և Սարյան փողոցների 1-ին երթևեկելի գոտու կամ որոշ տեղերում՝ մայթերի մի մասը գծանշումով առանձնացնել և հատկացնել հեծանվային երթուղու համար: Ոստիկանությունը խնդրել էր առաջարկությունները մինչև նոյեմբերի 25-ը հասցեագրել ոստիկանության էլեկտրոնային փոստին և Ճանապարհային ոստիկանության ֆեյսբուքյան էջին: