Արդեն հինգ տարուց ավելի է երևանյան միակ կրկեսի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Ամեն անգամ վերջնաժամկետ է նշվում, սակայն այն անցնում է, իսկ կրկեսը կառուցվում ու կառուցվում է։

Panorama.am-ը հետաքրքրվել է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, «Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանից՝ ի վերջո ե՞րբ կավարտվի կրկեսի կառուցումը։

Նա նշեց, որ  ներքին հարդարման աշխատանքներ են ընթանում, շուտով ավելի մեծ թափով է սկսվելու։ Ս. Պետրոսյանի խոսքով, կառուցապատողն ամեն ինչ անում է, որպեսզի շուտ ավարտվի, զգում է, որ Երևանի բնակիչները սպասում են։

«Այնպես որ, պետք է մի քիչ էլ սպասենք»,- նշել է կրկեսի գեղարվեստական ղեկավարը՝ հույս հայտնելով, որ մեկ տարուց կավարտվի։

Նա ասաց, որ այս ընթացքում կրկեսի արտիստները շարունակում են հյուրախաղերով հանդես գալ, նաև Հայաստանում են ներկայացումներ կազմակերպում։ Ս. Պետրոսյանը նշել է, որ փոքրիկ խմբեր են կազմում, բարեգործական հիմունքով ելույթ են ունենում Հայաստանի գյուղերում, նաև Արցախում և զորամասերում։

«Հույս ունեմ հաջորդ տարի Ամանորն արդեն մեր կրկեսում կանենք»,- ասաց Սոս Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ դեռևս 2011թ-ի ապրիլին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Տաշիր Գրուպ»-ի հետ կնքած պայմանագրով վերջինս պետք է վերանորոգի Երևանի կրկեսը: Երևանի կրկեսի շենքը որոշվեց քանդել, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։ 2011թ. օգոստոսի 1-ից սկսվել են Երևանի պետական կրկեսի հիմնանորոգման աշխատանքները: Կրկեսի շենքը 1962թ. հիմնադրման օրվանից հետո չէր վերանորոգվել: Նոր շենքի նախագծի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը: Շենքը լիովին համապատասխանելու է նման կառույցների համար սահմանված միջազգային բոլոր չափանիշներին, նախկինում եղած 1560թ-ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ, բացի այդ 3 փոխարկվող մանեժ։ Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու և հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով։