Հռոմի ոստիկանությունը սկսել է քանդել մաֆիայի կլաններից մեկի անդամների ապօրինի կառուցված շքեղ առանձնատները։ Ընդհանուր առմամբ քանդվում է ութ տուն:

Երկրի վարչապետ, ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին հրապարակայնորեն երդվել է «քանդել այդ գրողի տարածներին պատկանող մինչև վերջին ապօրինի առանձնատունը»:

Խոսքը մաֆիայի «Կազամոնիկա» գնչուական կլանի անդամների տների մասին է: Հայտնի է, որ նրանց տներից դուրս է հանել ոստիկանության մոտ 600 աշխատակից՝ թույլ չտալով որևէ բան վերցնել:

Այնուհետև բերվել են բուլդոզերներ, որոնք ավերել են Հռոմի Քուադրարո թաղամասում գտնվող առանձնատները: Կլանի անդամները, գլուխները ձեռքերի մեջ առած, հետևել են՝ ինչպես են կործանվում իրենց տները: Նրանք հայտարարել են, որ նման են բռնապետ Բենիտո Մուսոլինիի օրոք հետապնդվող հրեաներին:

Հռոմի քաղաքապետը մանրամասնել է, որ դեռ ամբողջությամբ քանդվել է երկու տուն: Նա նշել է, որ բոլոր ութ առանձնատները քանդվելու են, ու տարածքը հանձնվելու է Հռոմի բնակիչներին:

Հայտնի է, որ «Կազամոնիկա» կլանի անդամներն իրենց տները զարդարում են ոսկով, մարմարով ու ծանր սյուներով: Պարսկական գորգեր, ոսկյա թելերով երիզված վարագույրներ, թանկարժեք ու մեծ ծաղկամաններ, ճենապակյա վագրերի, այլ կենդանիների քանդակներ. այս ամենը կարելի է գտնել կլանի ամենահարուստ անդամների տներում: «Կազամոնիկա»-ն համընդհանուր ուշադրության կենտրոնում է հայտնվել 2015թ.՝ կլանի «կնքահոր» թաղման արարողության պատճառով: