Հայկական լրատվամիջոցներում վերջին շրջանում հանդիպող լեզվական սխալները
Ներկայացնում ենք ձեզ հայկական լրատվամիջոցներում վերջին շրջանում հանդիպող լեզվական սխալները․
1. Նոր չէ պայքարը ավելորդ ն-ի դեմ. ամանչել, կապնվել, կամանց և այլն: Բայց խոսենք մի սխալի մասին, որը վերջին շրջանում է տարածվել: Ո՞րն է ճիշտ. միևնույն է, թե՞ միևնույնն է: Դիմենք բառարաններին: Նրանք ասում են, որ միևնույն-ը նույն-ի հոմանիշն է, դրա սաստկական իմաստն արտահայտող բառ, այսինքն՝ «բոլորովին նույնը», «միանգամայն նույնը»: «Ինձ համար այդ երկուսը նույնն են» / «Ինձ համար այդ երկուսը միևնույնն են»: Այստեղ խնդիր չկա: Բայց ահա «Ինձ համար միևնույն է» («Ինձ համար մեկ է») վերաբերական արտահայտության մեջ այս «միևնույն» բառը ճիշտ է գրել ու արտասանել մեկ ն-ով: Նախկինում այդպես էլ արվում էր: Վերջին շրջանում է այս սխալը սողոսկել մեր խոսք:
2. Այս ն-ն սխալմամբ վերագրվում է նաև «ինչպիսի», «այսպիսի», «այդպիսի», «այնպիսի» դերանուններին: Եթե միևնույն-ը վերոնշյալ իմաստներից մեկով կարող է վերջում երկու ն-ով գրվել, ապա այս բառերը ոչ մի պարագայում չեն կարող երկու ն ունենալ: Մինչդեռ եթերից հաճախ լսում և մամուլում կարդում ենք. «Ինչպիսի՞նն են ձեր կանխատեսումները», «Ահա այսպիսինն էր մեր այսօրվա եթերը», «Մի՞թե այդպիսինն են առաջարկները», «Պայմաններն այնպիսինն են, որ դժվար է համակերպվելը» և այլն: Ավելորդ ն-ն նշված դերանունների հոգնակիներում էլ է հայտնվում: Ահա՝ «Այդպիսինները տեղ չունեն մեր հասարակության մեջ» և այլն: Իհարկե, ճիշտ են՝ «այդպիսիները», «այսպիսիները»... Ճիշտ են նաև «ինչպիսիք», «այսպիսիք», «այնպիսիք» ևն ձևերը:
3. Հայերենում ունենք «այնքան էլ» կապակցությունը, որի մեջ դերանունն անփոփոխ է: «Դու այնքան էլ չես փոխվել», «Հաղորդումն այնքան էլ հետաքրքիր չէր»: Այս նախադասություններում «այնքան էլ» արտահայտությունը չի կարող փոխարինվել այդքան էլ-ով: Բայց ահա, մինչ մենք կարծում էինք, թե պատահական է մեր գտած սխալը, այն սկսեց տարածվել. «Դա այդքան էլ այդպես չէ», «Տոներն այդքան էլ հեռու չեն», «Աշխատանքն այդքան էլ ծավալուն չէր» և այլն:
4. Գուցե այլ լեզուներում հոգում են ինչ-որ մեկի, ինչ-որ բանի մասին, բայց մենք՝ հայերս, հոգում ենք ոչ թե «մասին», այլ «համար»: Այս լեզվական սխալին հանդիպելը դժվար չէ: Բավական է մի քանի րոպե նստել հեռուստացույցի առաջ: «Սրանից հետո դու պիտի հոգաս եղբորդ մասին», «Չեմ ուզում, որ իմ գործերի մասին ուրիշները հոգան»: Սա ռուսերենից եկած սխալ է (заботиться о ком-то), թե՞ հոգալ-ը շփոթվում է մտածել-ու հետ («Սրանից հետո դու պիտի մտածես եղբորդ մասին» և այլն), միևնույն է, պիտի հոգանք այն ուղղելու համար:
5. ԶԼՄ-ների լեզվական սխալներից մեկը «մենակով» բառն է: Խոսակցական լեզվի ամենացածր մակարդակներից այն մտել է զանգվածային լրատվամիջոցներ, ապա ավելի լայն տարածում ստացել: Ածականի կամ մակբայի պաշտոն կրող այս բառին գործիական հոլովի վերջավորություն վերագրելը կոպիտ սխալ է: «Ես իմ գործը մենակ կանեմ»: «Բոլորը զույգերով էին, իսկ նա մենակ էր եկել»: Մոռանանք այդ սխալ մենակով-ի մասին:
6. Հայերենում է տառը երբեք «հենց այնպես» չի հայտնվում բառամիջում կամ բառավերջում: Այն կա՛մ բառարմատի սկզբնատառ է, կա՛մ բառարմատ, ինչպես «մանրէ» բառում է: Այստեղ երկու արմատ կա՝ «մանր» և «է» (էակ): Այս է-ն արմատի վերջնատառ չէ, ուստի բառաբարդման ժամանակ չի սղվում: Բայց ահա մեր գովազդներում «մանրէազերծել» բառի փոխարեն հաճախ լսում ենք՝ «մանրազերծել» (մանրազերծված):
7. Նշենք, որ հատկապես եղանակի տեսության մեկնաբանները Լոռի ասելու փոխարեն ասում են Լորի, իսկ, ասենք, Արմավիրի փոխարեն՝ Առմավիռ:
8. Եվ վերջում չմոռանանք. «երջանիկ» բառը արտասանվում է ոչ թե «երչանիկ» կամ «եռչանիկ», այլ այնպես, ինչպես գրվում է: