Մակրոնը խոստանում է հունվարից բարձրացնել նվազագույն աշխատավարձը
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խոստացել է հունվարից բարձրացնել նվազագույն աշխատավարձը 100 եվրոյով, ինչը, նրա հավաստմամբ, ազդեցություն չի թողնի գործատուների վրա։
Երեկ իր հեռուստաելույթում, որը վերաբերում էր այսպես կոչված «դեղին ժիլետների» բողոքի շարժման պահանջներին, Մակրոնն ասել է, որ հայտարարում է «սոցիալ-տնտեսական արտակարգ իրավիճակ»:
Սա նրա առաջին հրապարակային ելույթն էր Ֆրանսիայում վերջին շրջանում տեղի ունեցող ցույցերի վերաբերյալ։ Ելույթից առաջ նույն օրը Մակրոնը հանդիպում էր ունեցել արհմիությունների և առաջատար գործարարների հետ։
Բողոքի գործողությունների մասնակիցները պահանջում են չեղարկել Ֆրանսիայի նախագահի նախաձեռնած հարկային բարեփոխումները, որոնք հանգեցրել են դիզելային վառելիքի գնի կտրուկ աճին:
Բռնություններով ուղեկցված հերթական ցույցերը տեղի ունեցան շաբաթ օրը: Առավել լուրջ բախումներով ուղեկցված ակցիաները Փարիզի կենտրոնում էին: Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ՝ ողջ երկրի կտրվածքով շաբաթօրյա բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 125 հազար մարդ: Ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 1700 մարդու: