Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ․

«Պահպանողական կուսակցությունը շնորհավորում է 7-րդ գումարման Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերին՝ բարեմաղթելով պետականաշահ բեղմնավոր գործունեություն: Միևնույն ժամանակ շնորհավորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր տասնամյակներից ի վեր կրկին հնարավորություն ունեցան ազատ կամարտահայտման, ինչը ժամանակակից պետականության ամրության հիմնարար գրավականն է:

Գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին հնարավորինս պատրաստ լինելու հարցում մեծ են Խորհրդարանի դերը և պատասխանատվությունը, ուստի այսօրվանից, իսկ անհրաժեշտ է հրաժեշտ տալ նախընտրական հռետորաբանությանը և գործելաոճին՝ անցնելով պատասխանատվության ստանձնման սթափության, ինչն ակնկալվում է նոր Խորհրդարանից: Նույն սթափությունն ու պատասխանատվությունն է ակնկալվում նաև արտախորհրդարանական քաղաքական միավորներից, քանզի մեկն է Հայրենիքը»: