Բանակում արդիականացված ճաշարաններ կներդրվեն
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է զինված ուժերում սննդի կազմակերպման գործընթացը մասնավոր գործընկերոջը պատվիրակելու նպատակով հնարավոր գործընկերներին բացահայտելու փորձնական ծրագրի մասին:
Նշվում է, որ մտադիր են զինված ուժերում ներդնել արդիականացված ճաշարանային համալիրներ, վերազինված նոր սարքավորումներով և անհրաժեշտ գույքով, որտեղ զինծառայողներին կմատուցվի սնունդ, այդ թվում՝ դաշտային պայմաններում և մարտական հերթապահության դիրքերում:
Ծրագրի նպատակն է ապահովել սննդի բազմազանություն, որակ և անհրաժեշտ կալորիականություն՝ պահպանելով ՀՀ կառավարության 2015թ-ի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշմամբ սահմանված ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների պարենային ապահովության կարգը և չափաքանակները։
Նշված նպատակի իրագործման համար կիրականացվի փորձնական ծրագիր՝ միջինում 8000 զինծառայողի համար սննդի կազմակերպման գործընթացը մասնավոր գործընկերոջը պատվիրակելու, ինչպես նաև այդ ծրագրի տեխնիկական առաջադրանքի և ֆինանսական գնահատականի հստակեցման նպատակով։
ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ ներկայացված են նաև փորձնական ծրագրին մասնակցելու պայմանները: Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի փորձնական ծրագրին մասնակցելու հավասար իրավունք, բացառությամբ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով սնանկ ճանաչվածներից: Ինչպես նաև նրանք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեն իրենց ներկայացրած գնային առաջարկի մինչև մեկ տոկոսը, բայց ոչ ավելի, քան հիսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ժամկետանց պարտավորություններ, որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, երեխայի շահագործման կամ մարդկային թրաֆիքինգ ներառող հանցագործության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ դրան մասնակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության և օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է:
Նրանք որոնց վերաբերյալ հայտը ներկայացվելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում առկա է օրենքով սահմանված կարգով կայացված անբողոքարկելի վարչական ակտ` գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար, ինչպես նաև նրանք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների գնումների մասին օրենսդրության համաձայն հրապարակված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
Որևէ երկրի ռեզիդենտ հանդիսացող անձի (անձանց) մասնակցությունը կարող է սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կամ պաշտպանության ապահովման համար։