Իրանի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հաստատել է, որ բալիստիկ հրթիռ է փորձարկվել, ինչի մասին ավելի վաղ խոսել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել՝ խախտելով ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Նա հավելել էր, որ ԱՄՆ-ն դատապարտում է այդ գործողությունը և կոչ անում Իրանին անհապաղ դադարեցնել բալիստիկ հրթիռների հետ կապված բոլոր գործողությունները:

«Մենք փորձարկում ենք մեր հրթիռները, վերջին փորձարկումը կարևոր էր»,- ասել է Հաջիզադեն, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա չի հստակեցրել, թե հատկապես ինչ հրթիռներ է Իրանը փորձարկել: Ըստ նրա, տարեկան Իրանը 40-50 հրթիռային փորձարկում է իրականացնում, իսկ այն փաստը, որ ԱՄՆ-ն արձագանքում է այդ փորձարկումներից մի քանիսին, վկայում է Վաշինգտոնի հանդեպ ճնշման մասին: