Ֆրանսիայում վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից կազմված հանցախումբ են ձերբակալել
Դեկտեմբերի 10-ին ֆրանսիական Լիոն քաղաքում լայնածավալ հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Ֆրանսիայում և Բելգիայում գործող 22 հոգանոց հանցախումբ, որի անդամները Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ են: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Բորցվաձեն:
Ըստ նրա, հատուկ գործողությանը մասնակցել են նաև Վրաստանի իրավապահ մարմինների անդամներ: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, ձերբակալվածների թվում կա Վրաստանի 10 քաղաքացի, որից 2-ը՝ օրենքով գող, գրում է «Գրուզիա-Online»-ը:
Ըստ Բորցվաձեի, ձերբակալվածները մեղադրվում են Ֆրանսիայի տարածքում բնակարանային գողությունների, ավտոմեքենաների առևանգման, կեղծ փաստաթղթերի ստեղծման և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:
Ըստ Ֆրանսիայի օրենսդրության, նրանց մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում: