ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում հայտարարել է, որ այն պաշտոնյաները, որոնք չեն կատարի իր հանձնարարականները, կարող են «հավաքել իրենց վեշերը և գնալ»:

«Մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը կառավարվում է ծիգիզմի, պոակիզմի և հիմնադրամիզմի տրամաբանությամբ և ամեն անգամ, երբ բանը գալիս հասնում է հարցեր լուծելուն, պարզվում է, որ պետք է նորից քննարկենք: Ոչ մի բան նորից չպետք է քննարկենք, ի՞նչ է այդ ԾԻԳ-ը, դա պադավատներ են, ատկատներ են, կոռուպցիա է, այսօր մեր կոռուպցիայի ամենամեծ օջախները, գնացեք մտեք ցանկացած ոլորտ, և հերթով կբացահայտվեն»,- ասել Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ ամեն անգամ ասում են, որ նախարարությունում աշխատողները կարողություններ չունեն:

«Եթե չունեն, ուրեմն նախարարությունները լուծարենք, բա ինչի՞ համար ենք պահում այս ամբողջ պետական կառավարման համակարգը ու բաժանել ենք պետական պաշտոնյաններին սորտերի՝ առաջին, երկրորդ, երրորդ սորտ, հետո էլ ասում ենք՝ պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնենք, ո՞նց բարձրացնենք, երբ կան համակարգեր, որ տասն անգամ բարձր աշխատավարձ են ստանում: Ինչ է թե իրենք արտոնյալներ են»,- ասել Փաշինյանը: