Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այժմ բարենպաստ պայմաններ են ստեղծվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

«Կարծում եմ, որ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Կան բազում գործոններ, որոնք հիմք են հանդիսանում նման հայտարարության համար»,- ասել է Ալիևը Բաքվում՝ 2018թ-ի մարզական արդյունքներին նվիրված արարողության ժամանակ, հայտնում է Interfax.az-ը:

Ըստ նրա, առաջին հերթին, դա Ադրբեջանի «աճող տնտեսական և ռազմական ուժն է և երկրի ամրապնդվող դիրքերը միջազգային ասպարեզում»: Նա ասել է, թե Բաքվի դիրքորոշումը ԼՂ հարցում իր արտացոլումն է գտնում նաև Ադրբեջանի ստորագրած երկկողմ համաձայնագրերում:

«Երբ ես խոսում եմ Ադրբեջանի աճող միջազգային հեղինակության մասին, հենց դա նկատի ունեմ»,- ասել է նա:

Ալիևը հավելել է, որ Հայաստանին զայրացնում է այն փաստը, որ «նաև այն կազմակերպություններում, որոնց անդամ է ՀՀ-ն, և որտեղ ներկայացված չէ Ադրբեջանը, նախապատվությունը տալիս են Բաքվի դիրքորոշմանը»:

Նա ասել է նաև, որ Բաքուն կշարունակի Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը մինչև «ադրբեջանական տարածքների ամբողջական ազատագրումը»: