Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում իր աջակցությունն է հայտնել Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդի:

«Սանկտ Պետերբուրգում պետությունների ղեկավարները որոշեցին սատարել Ձեր թեկնածությանը, որն առաջադրել էր Ալեքսանդր Լուկաշենկոն: Դուք արդեն սկսել եք հանդիպումները կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ: Արդեն եղել եք Բիշքեկում: Ինչպես հայտնի է, այժմ Ղրղզստանն է նախագահում ՀԱՊԿ-ում: Վստահ եմ, որ Ձեր հանդիպումները հաջող են անցել»,- ասել է Ղազախստանի նախագահը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նազարբաևը կարծում է, որ Զասն ունի բոլոր անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքներն այդ պաշտոնում աշխատելու համար:

«Դուք զինվորական եք և համապատասխան կրթություն եք ստացել: Աշխատել եք Բելառուսի գլխավոր շտաբում, ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների և խորհրդակցությունների: Մենք աջակցում ենք Ձեզ»,- ասել է Նազարբաևը:

Նազարբաևը նաև կարևորել է ՀԱՊԿ արդյունավետ աշխատանքի ապահովումը: