Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ:

Մինչդեռ 2017թ-ի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրություններում 49.12% ձայն հավաքած նախկին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Պուտինը շնորհավորել է ընտրությունների հաջորդ օրը:

Ի հակադրումն ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Եվրոպական Միության բարձր մակարդակով շնորհավորանքների և ՀՀ-ի նոր իշխանություններին սատարելու մասին հայտնած պատրաստակամության, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը անդրադարձել է ՀՀ-ում արտահերթին ընտրություններից միայն չորս օր անց՝ երկրի արտաքին գործերի գերատեսչության մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի մակարդակով: Ընդ որում՝ անդրադարձը եղել է ոչ թե առանձին հայտարարության տեսքով, այլ Զախարովայի հերթական ճեպազրույցի ընթացքում:

ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարն իր հայտարարությունում այդպես էլ, ըստ էության, չի շնորհավորել ոչ Հայաստանի ժողովրդին, ոչ էլ խորհրդարանական ընտրություններում աննախադեպ բարձր՝ մոտ 70.5% վստահության քվե ստացած «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:

ՌԴ ԱԳՆ-ն ընդամենն արձանագրել է՝ ընտրություններն անցել են օրենքի շրջանակում, առանց խախտումների և կառուցողական երկխոսության ակնկալիք է հայտնել Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակում: Ի դեպ, Փաշինյանին չեն շնորհավորել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարները:

Ի դեպ, Վլադիմիր Պուտինն օգոստոսի 31-ին շնորհավորել էր Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը: