ՀՊՏՀ ռեկտորի հավանական թեկնածուն Ռուբեն Հայրապետյանն է
«Իմ քայլը» դաշինքից ավագանու անդամ Ռուբեն Հայրապետյանը կնշանակվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։ Նա եղել է Կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնակատարը։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասված է.
«Իմ նախկին և ներկա սիրելի' ուսանողներ, դուք պարզապես ՀԶՈՐ եք, խոսքեր չունեմ։ Կարդացել եմ հարյուրավոր մեկնաբանությունները՝ հատ առ հատ։ Հպարտությանս զգացումն անսահման է՝ հուզմունքի աստիճանի։ Ավելացնելու բան ինձ պարզապես չեք թողել։ Դեռևս այսքանը»։
Գրառման տակ նրան ուղղված շնորհավորական խոսքեր կան։
Նշենք, որ ավելի վաղ էլ ՀՊՏՀ կառավարման ամբիոնի աշխատակիցները բաց նամակ էին ուղղել վարչապետի պաշտոնակատարին բաց նամակ էին ուղղել, որտեղ ասված էր՝ «Ռուբեն Հայրապետյանի կողմից ամիսներ շարունակ կամայականություններ են դրսևորվում»։
Ինչից հետո ԿԳ նախարարի պաշտոնակատարն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Բուհերում մեր գործընկերներին՝ դասախոսներին, ամբիոնի վարիչներին, դեկաններին, ռեկտորներին կոչ եմ անում երիտասարդ ղեկավարների դեպքում դիմել բացառապես տարիների իմաստնությանը և օժանդակել նրանց, իսկ ավելի երիտասարդ ղեկավարներին՝ անել առավելագույնը փորձառու մասնագետների գիտելիքները բարեփոխումների ժամանակ կիրառելու համար։
Ես պատրաստ եմ ժամերով ու օրերով քննարկել հայեցակարգային, սկզբունքային հարցեր, բայց նախարարությունը թույլ չի տա, որ մեկ մարդ կամ մարդկանց փոքր խումբ խաթարի բուհերի աշխատանքը։ Միայն համագործակցային մթնոլորտում հնարավոր է անել առավելագույնը բուհական համակարգում արագ փոփոխություններ կատարելու համար։
Հ.Գ. Հովանավորչությունը զրո տեղ ունի իմ գործունեության մեջ։ Սա ցավով կրկնում եմ որերորդ անգամ։ Իմ քայլերում առաջնորդվում եմ բացառապես ոլորտային և մասնագիտական նպատակահարմարությամբ և անհրաժեշտությամբ»։