Մհեր Ենոքյանի գործը երևի ցմահ ազատազրկվածներին վերաբերող ամենահատկանշական հարցն է նորագույն պատմության մեջ, որովհետև տարբեր լրատվական միջոցներով անընդհատ միակողմանի տեղեկություն էր տարածվում, և շատերի մոտ կայուն համոզմունք էր ձևավորվել, որ Մհեր Ենոքյանը անմեղ է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին հնարավոր ներում շնորհելու խնդրին՝ ասաց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նա փաստեց, որ իրավական տեսանկյունից պետք է նկատի ունենանք ներման և գործի վերանայման տարբերությունը:

«Ներման ինստիտուտը վերաբերում է այն մարդկանց, ովքեր ընդունել են իրենց մեղքը, զղջում են իրենց կատարած արարքի համար և ուղղվել են»,- ասաց նա և նշեց, որ չգիտի, թե ինչ է գրված Մհեր Ենոքյանի խնդրագրում, քանի որ պարտադիր է ներկայացնել դատապարտյալի վերաբերմունքը իր կատարած հանցանքի նկատմամբ:

«Եթե Մհեր Ենոքյանի վերաբերմունքն այն է, որ «չեմ կատարել ինձ վերագրվող արարքը», ապա այնքան էլ տրամաբանական չէ ներման ինստիտուտի մասին խոսելը, քանի որ որքանո՞վ է արդարացի ներել մի մարդու, ով պնդում է, թե հանցանք չի գործել: Իսկ եթե պնդում է խնդրանքում, որ կատարել է իրեն վերագրող արարքը, զղջում է, այդ դեպքում առաջանում է հակասություն վերջին մի քանի տարիների և այս պնդման միջև: Այլ կերպ ասած, մենք գործ ունենք պարադոքսալ իրավիճակի հետ»,- ասաց նա:

Ռուբեն Մելիքյանը հարց բարձրացրեց, թե ինչն է խանգարում, որ այդ մութ պատմությունները ջրի երես ելնեն ներկայումս և մարդիկ իմանան՝ Մհեր Ենոքյանը եղել է դատական սխալի զոհ, թե ոչ, քանի որ գործը վերաբացելու հնարավորություն բացառիկ հանգամանքներում տրվում է:

«Այստեղ կա մյուս կողմը. ինչպես դատապարտյալի իրավունքներն են մարդու իրավունքներ, այնպես էլ տուժողի իրավունքներն են մարդու իրավունքներ: Մենք գործ ունենք առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվածի հետ, և այդ պարագայում, իմ պատկերացմամբ, պետք է անպայման հաշվի առնել տուժողի իրավահաջորդների իրավունքները: Ներման մասին օրենքը որևէ կերպ չի սահմանում պարտադիր հաշվի առնել տուժողի դիրքորոշումը, պարտադիր է համարվում հաշվի առնել դատապարտյալի դիրքորոշումը իր արարքի վերաբերյալ: Տուժողների իրավաչափ շահերը հաշվի առնելը, հավասարակշռելը, կարծում եմ, իրավաչափ պահանջ է»,- ասաց նա:

Զուգահեռներ տանելով Գուրգեն Մարգարյանի սպանության գործի հետ՝ Արցախի նախկին ՄԻՊ-ը նշեց, որ տարիներ շարունակ բերում էինք իրավական փաստարկ, որ Ադրբեջանի Հանրապետությունը, ներում շնորհելով ցմահ դատապարտված անձին, խախտել է տուժողների իրավունքները, կյանքի իրավունքը:

«Եվրոպական դատարանն այդ գործը քննում է այժմ, և մենք ներկայացնում ենք, որ կյանքի իրավունքը վերաբերում է նաև պատժի կրման փուլին, որ կամայական չկիրառվի ներման և համաներման ինստիտուտը»,- ասաց նա:

Այսպիսով, Մելիքյանը նշեց, որ մենք ունենք իրավական տեսանկյունից հանրային նշանակություն ունեցող առնվազն երկու խնդիր, որոնք քննարկման առարկա են:

«Առաջինը ներման գործընթացի զղջման բացակայությունն է, երկրորդը՝ տուժողներին մեր օրենսդրությամբ անտեսելու խնդիրը: Ես չեմ ուզում որևէ լուծում առաջարկել, որոշում կայացնողը առաջին հերթին վարչապետն է: Համաներումը, ներումը մարդասիրական արժեքներ են, բայց դրանք պետք է տեղին օգտագործել: Ի վերջո, մենք այստեղ շատ խորքային արդարության զգացման հետ գործ ունենք: Մենք արդյոք օրինաչա՞փ ենք համարում, որ անընդհատ միակողմանի տեղեկատվության վրա ձևավորվի մի հանրային կարծիք, որ ճնշի որոշում կայացնողներին: Մեզ մոտ կայուն համոզմունք է ձևավորվել, որ գործ ունենք բացարձակապես անմեղ մարդու հետ, բայց կա հակառակ պնդում, որի մասին երբեք չենք լսել, բայց ինչո՞ւ այն մեդիան, որը տարիներ շարունակ Մհեր Ենոքյանին «հերոսացնող» նյութեր էր հրապարակում, երբեք չէր փորձում հակառակ մոտեցումը հասկանալ»,- ասաց նա: