ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում հայտարարել է, որ նորընտիր պատգամավորների հաջողությունը մեծապես կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունից և, որ «նոր Հայաստանում յուրաքանչյուրը պետք է անձնապես բարեփոխվի»:

Նա նշել է, որ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ճանաչվել են մասնակցած բոլոր քաղաքական ուժերի ու միջազգային դիտորդների կողմից, ինչը բարձր լեգիտիմությամբ է օժտել ներկա Ազգային ժողովին:

«Սկսվում է հույսերի և խոստումների արդարացման, հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը: Դուք ստացել եք լայն հնարավորություններ՝ կյանքի կոչելու Թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները՝ կերտելու նոր Հայաստան: Ձեր գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությունից, և նրա մասնակցությունից հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային կյանքին»,- ասաց նախագահը:

Անդրադառնալով երկրի առջև ծառացած խնդիրներին, նախագահն ասել է, որ առաջնային հարց է մնում ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր անձի բարեկեցիկ և արժանավայել կյանքի երաշխավորումը:

«Նոր Հայաստանում մարդու տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական իրավունքներն ու ազատությունները պետք է հանդիսանան մարդու արժանապատվության բաղկացուցիչ կարևորագույն մասը: Հենց այդ ընկալումը պետք է ընկած լինի իրավական ակտերի և պետական մարմինների գործողությունների հիմքում»,- ասել է նախագահը: