Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք իրեն Մարտ 1-ի գործով հարցաքննել են, ասաց․

«Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ»։

Նա հորդորեց կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթը, որն այս տարիներին պատկանում էր Նիկոլ Փաշինյանին։

«Ես կարող եմ ձեզ մի բան ասել` գնացեք ու բացեք «Հայկական ժամանակ» թերթը` Նիկոլ Փաշինյանի թերթը, որտեղ գրած էր` միակ մարդը, որ ժողովրդի կողքին է եղել, չի էլ մասնակցել Մարտի 1-դեպքերին»,- ասաց նա:

Գագիկ Ծառուկյանն, արձագանքելով դիտարկմանը, որ, ըստ Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի զեկույցի` իր թիկնազորը ստացել է ՊՆ համազգեստ, ասաց.

«Թիկնազորից ո՞վ, մեկի անունը տվեք, մեկին ցույց տվեք, ախր, չի կարելի ցեխ շպրտել»։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նույն զեկույցին է հղում արել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.

«Մարդիկ սխալ են արել, դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ես հիմա պահանջում եմ, որ ով Մարտի 1-ի համար այդպիսի ցուցմունք տվել է, ապացուցի, ապացուցելու դեպքում թող ինձ կալանավորեն, չապացուցի` իրեն կալանավորեն: Ես անուն չեմ ասում, ով հայտարարել է Ծառուկյանի անունը, թիկնազորի անունը, եթե ինքը չի ապացուցում` ուրեմն ինքն անբարոյական մարդ ա։ Եթե ապացուցի, ուրեմն մեղավոր ենք ու պատժվենք, իսկ եթե չէ, էդ շանտաժ անողները թող պատժվեն, որ այդ ամեն ինչն ավարտվի»:

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ նախևառաջ հերքելով ԲՀԿ-Քոչարյանը կապը։ Պատգամավորը նկատեց, որ իրենք որևէ հարցի չեն խառնվել, որպեսզի զերծ մնան ավելորդ խոսակցություններից։

«Քոչարյանի կալանավորման համար ասել եմ, որ քննչական մարմիններում է, կան քննիչներ, դատավարություն։ Ցանկացած մարդ, քաղաքացի օրենքի առաջ հավասար է, որևէ մեկն արտոնություն չի ունենալու»,- նշեց Ծառուկյանը։

Ինչ վերաբերում է Քոչարյանի փաստաբանների պնդմանը, թե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, Ծառուկյանն ասաց, թե ամեն բան պարզ կլինի դատավարության ավարտից հետո՝ չբացառելով, որ նրան կարող են արդարացնել։

Հարցին՝ Ձեր բիզնեսների համար ինչ-որ ձև պարտական չե՞ք Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.

«Իմ բիզնեսներն իմ անձնական բիզնեսներն են, սա ամբողջ աշխարհը գիտի, որևէ պարտականություն որևէ մեկի առաջ չունեմ։ Միայն պարտականություն ունեմ իմ պետության ու ժողովրդի առաջ, որ իմ պարտքը կատարեմ, որ ժողովրդի դեմքին ժպիտ լինի, փայլ լինի»։