Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է․

«Մեր ելույթներն ուղղված են այն խմբակցությանը, որը չունի թեկնածու և իրենց ձայներից է կախված, թե ով է ընտրվելու:

Մենք քաղաքական իմաստով կռիվ ենք տալիս, որ մեր թեկնածուին ներկայացնենք, պաշտպանենք, որ նա ընտրվի, ու այդ կռվի մեջ, հարգելի ԲՀԿ, դուք մտնում ու կռիվ եք տալիս: Եթե դրա կարիքը լինի ես ընդհանրապես չեմ հապաղի հետ գնալ և սկսել ինչ-որ բաներ ասել: Օրինակ, մեր նախարարին չեն փողոցում հեռացրել պաշտոնից ու հայտարարել հակահեղափոխական: Ձեր կուսակցությունից են արել, բայց մենք դա չենք ասում: Ինչքան ասեք, մենք պետք է ասենք»,-հայտարարել է Մարուքյանը՝ կոչ անելով չմտնել իրենց ու «Իմ քայլը» դաշինքի կռվի մեջ:

«Կռիվ ունեք, ձեր կռիվը տարեք, որովհետև ձեր ձայներն էլ պետք է ըստ էության, այնտեղից գա»,- հավելել է Մարուքյանը:

Նա նշել է նաև, որ այս իրավիճակում կա երեք ճանապարհ «Իմ քայլի» համար. ընտրել Մանե Թանդիլյանին, ընտրել Վահե Էնֆիաջյանին և թողնել ազատ, ով ում ուզում է, թող ընտրի:

Մարուքյանը հայտարարեց, որ քանի որ «Իմ քայլը» որոշել է, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, իրենք «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված ԱԺ փոխխոսնակների քվեարկության ժամանակ իրենց պատգամավորներին ազատ կթողնեն քվեարկության ժամանակ:

«Եթե մեր տարբերակը չհաղթահարի այն արգելքները, որոնք այստեղ ստեղծված են, մենք կարող է չունենանք ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալ»,- իր խոսքն ամփոփեց ԼՂՀ ղեկավարը:

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնի համար ԲՀԿ-ն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, քանի որ ԲՀԿ-ն ավելի մեծ խմբակցություն ունի: