Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր դիրքեր
Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունվարի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում:
Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր, հայտնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: