ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ստացել է պատասխանները, թե ինչպես են ընտրվել դատարանի կազմը։

Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ իրենց չի բավարարում պատասխանը, քանի որ ներկայացված իրավական ակտերը վերաբերում են ոչ թե դատարանի կազմի, այլ հերթապահ դատավորների ընտրությանը։ Փաստաբանն ասաց՝ իրենք հերթապահի ընտրության հետ խնդիր չունեն։

«Քանի որ չկա դատարանի ձևավորման հստակ գործընթացը, այսինքն չկա, թե ինչի հիման վրա է դատավոր Արթուր Մկրտչյանը նշանակվել սույն գործով դատավոր, մենք ներկայացրեցինք ինքնաբացարկ, նաև հաշվի առնելով նախորդ դատավորի ինքնաբացարկը»,- ասաց փաստաբանը։

Նա վկայակոչեց ՀՀ սահմանադրությունը, օրենքները, ՄԻԵԴ սահմանումը՝ օրինական դատարանի մասին։

«Կոնկրետ գործը քննող դատարանը պետք է ձևավորված լինի օրինական։ Թե հերթապահ 9-10 դատավորներից ինչի՞ հիման վրա է մակագրվել հենց դատավոր Արթուր Մկրտչյանին, պարզ չէ։ Ենթադրվում է՝ ուղղակի դատարանի նախագահը որոշել է, ինչը նշանակում է կամայական, ոչ օրինական դատարան, ինչի մասին բարձրաձայնվել է։ Դատարանը կազմված չէ օրենքի հիման վրա»,- ասաց նա։