Նաիրա Զոհրաբյան․ «Կապրենք՝ կտեսնենք, թե ինչպիսի ընդդիմություն կլինի ԲՀԿ-ն»
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ ԲՀԿ-ին «կոմկուս», «Նիկոլի ֆաներ» անվանելու հանգամանքին, նշել է․
«Ես հասկանում եմ, որ տարբեր քաղաքական գործիչներ կարող են քաղաքական կոռեկտության և քաղաքական լեքսիկոնի հետ խնդիրներ ունենալ։ Կապրենք՝ կտեսնենք, թե ինչպիսի ընդդիմություն կլինի «Բարգավաճ Հայաստանը», և ընդհանրապես՝ ինչպիսին կլինի այս խորհրդարանը։ Այնպես որ, որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս կանխակալ գնահատականներ հնչեցնել ԲՀԿ-ի մասով։
Մենք կողմ ենք կոռեկտ հարաբերություններին, ով խախտեց կոռեկտության սահմանը, մի քանի անգամ ավելի պատասխան է ստանալու։ Ընդհանրապես կողմ եմ «Ակն ընդ ական, ատամն ընդ ատամն» սկզբունքին»,- ասաց նա։
Հարցին՝ ԲՀԿ-ն արդեն որոշե՞լ է ԱԺ որ երկու հանձնաժողովները կցանկանար գլխավորել, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ այս պահին չի ցանկանում հրապարակել հանձնաժողովների անունները։
Նա միաժամանակ շեշտեց, որ քաղաքական ռինգի, բոքսի ժամանակներն անցել են, և իրենք ուզում են նոր՝ աշխատանքի փուլ անցնել։
«Փորձելու ենք խորհրդարանում և խորհրդարանից դուրս որոշակի քաղաքական մշակույթ փոխել»,- նշեց պատգամավորը։