ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ քրեական օրենսգիրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է մշակել, որով առաջարկվում է պատասխանատվության եթարկել փաստաբանին կամ նոտարին՝ կապված նրա մասնագիտական գործունեության հետ, վիրավորելու կամ սպառնալու համար:

Նշվում է, որ նշված մասնագիտություններն ունեցող անձանց վիրավորանք հասցնելու կամ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամի սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք ներկայացնելու համար անձը կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեք հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Նախատեսվում է նաև սահմանել պատասխանատվություն փաստաբանին զրպարտելու համար:

Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին շրջանում հաճախ են դարձել փաստաբաններին՝ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորելու և զրպարտելու դեպքերը: Քիչ չեն նաև նոտարներին՝ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորանք հասցնելու և նրանց նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքերը:

«Միաժամանակ հարկ է ընդգծել, որ միայն քաղաքացիաիրավական պատասխանատվությունը արդյունավետ միջոց չի հանդիսանում վերջիններիս արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար: Այս տեսանկյունից քրեական պատասխանատվություն նախատեսելը պրևենտիվ (կանխիչ) նշանակություն կունենա», - ասվում է հիմնավորման մեջ: