Էդինբուրգի դուքսը հինգշաբթի մեքենայով վթարի է ենթարկվել Նորֆոլկի Սենդրինգհեմ կալվածքի մոտակայքում:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, վթարի պահին, ղեկին հենց 97-ամյա արքայազն Ֆիլիպն է եղել: Ականատեսները լրատվամիջոցներին հայտնել են, որ արքայազն Ֆիլիպի Range Rover-ը ճանապարհից դուրս գալուց հետո կողաշրջվել է: Անցորդներն արքայազնին օգնել են դուրս գալ մեքենայից: Նա չի վնասվել, սակայն բավականին ցնցված է եղել:

Բուքինգհեմյան պալատից չեն հայտնել՝ արդյոք վթարի պահին արքայազնը մենակ է եղել մեքենայում, թե ոչ:

«Էդինբուրգի դուքսը ավտովթարի է ենթարկվել մեկ այլ մեքենայի բախվելով: Դուքսը չի վնասվել: Վթարը տեղի է ունեցել Սենդրինգեմյան կալվածքի մոտակայքում: Տեղի ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել», - ասվում է պալատի հայտարարության մեջ:

Արքայազն Ֆիլիպը, որը հանրային պարտականությունները վայր է դրել 2017թ-ի օգոստոսին, Սուրբ Ծնունդից հետո թագուհու հետ բնակվում է Սենդրինգհեմում: