Վիքիպեդիան բազմալեզու ազատ հանրագիտարան է, որի հայերեն բովանդակությունն ստեղծվում է վստահելի աղբյուրների միջոցով:

«Արցախպրեսս»-ի թղթակցի հետ զրույցում «Վիքիմեդիա Հայաստան» հանրագիտարանային գիտելիքների տարածմանն աջակցող գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանն ասել է, որ ինքն անչափ ուրախ է, որ Ստեփանակերտում, Քարվաճառում, Հադրութի շրջանի Տող գյուղում ևս գործում են Վիքի ակումբներ, որտեղ հաճախողները մեծ թվով հոդվածներ են գրում Արցախի մասին։

Նա նշել է, որ ինքը հատկապես տպավորված է Քարվաճառի վիքիակումբի ակտիվությամբ. այն համարում է մեծ ձեռքբերում։

Ըստ Ս. Մկրտչյանի՝ հայերեն Վիքիպեդիայում մշտապես ստեղծվում են նոր հոդվածներ, ինչպես նաև տարբեր լեզուներից կատարվում թարգմանություններ. օրերս հայերեն Վիքիպեդիան հատել է 250 000 հոդվածի սահմանը։

«Հազարավոր կամավորներ են զարգացնում հայերեն Վիքիպեդիան, սակայն կրթական թեմաներն ավելի քիչ են։ Մենք սկսել ենք «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» խորագրով արշավ, որի նպատակն է հայերեն Վիքիպեդիան բարձրացնել որակական նոր աստիճանի»,- ավելացրել է Ս. Մկրտչյանը: