Երևանի Շենգավիթ համայնքի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8-րդ շենքի 71-րդ բնակարանում ապրող Նինա Մխիթարյանը դիմում է հասարակությանը՝ խնդրելով աջակցել իր բազմազավակ ընտանիքին։

Նինա Մխիթարյանը ապրում է մեկ սենյականոց բնակարանում՝ ամուսնու և 5 երեխաների հետ։

«Ես հուսահատ վիճակում եմ․ 14 քառակուսու մեջ ապրում ենք 7 հոգով՝ ես, ամուսինս և հինգ երեխաները։ Պայմանները ահավոր են։ Պատերը խոնավ են, ծեփը թափվում է, և ամեն պահի երեխաները վտանգված են։ Առաստաղն էլ է ահավոր վիճակում։ Նույնիսկ խոհանոց, սանհանգույց չկա։ Հենց այդ սենյակում եմ ճաշ պատրաստում։ Երեխաներիցս մեկը հոդախախտով է ծնվել։ Եղանակի հետ կապված՝ հոդերը ցավում են, բայց հնարավորություն չունենք, նույնիսկ նրա բուժումը չենք կարողանում իրականացնել։

Ես դիմում եմ մեր նորընտիր վարչապետին, բարերարներին․ խնդրում եմ, օգնե՛ք մեր ընտանիքին, իմ հինգ երեխաներին․ մենք անելաների վիճակում ենք հայտնվել․ գոնե մի չոր տուն լիներ, որ երեխաներս այսքան հաճախ չհիվանդանային։ Ամուսինս ու ես նույնպես առողջական խնդիրներ ունենք։

Միայն 53 հազար դրամ «Փարոս»-ի նպաստ ենք ստանում։ Այդ գումարով երեխաների համար ուտելիք պետք է գնեմ, հագուստ, կոմունալ ծախսեր․․․ Բնականաբար, չի հերիքում»,- նշել է տիկին Նինան։ Այս մասին գրում է eurolur.com-ը։

Նա ցավով նշել է՝ թեև ուսումնասկան տարին մեկնարկել է, այդուամենայնիվ, երեք դուստրերը չեն կարողանում դպրոց հաճախել, քանի որ գումար չկա նրանց համար դպրոցական հագուստ ու անհրաժեշտ պարագաներ գնելու համար։

Բազմազավակ մայրը դիմում է բոլոր բարեսիրտ մարդկանց ու պատկան մարմիններին, որպեսի օգնության ձեռք մեկնեն իրենց ընտանիքին և երեխաներին դպրոց հաճախելու հնարավորություն ընձեռեն։

Նշենք, որ Նինա Մխիթարյանը նախորդ տարվա դեկտեմբերին դիմել է «Սուր անկյուն» հաղորդաշարին, բայց դեռ արձագանք չի ստացել։

Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են օգնել այս ընտանիքին, կարող են դիմել Նինա Մխիթարյանին, հասցե՝ ք․ Երևան, Արցախի 4-րդ նրբանցք, 8-րդ շենք, բնակարան 71, հեռ․՝ 093 76 74 18։