«Համահայկական Ազգային համաձայնություն» նախաձեռնությունը Ազգային Ժողովից պահանջում է լուծել մի քանի կարևոր խնդիրներ, այդ թվում՝ տալ ՀՀ նախկին նախագահների գործունեության տնտեսաքաղաքական գնահատականը․

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներ, ողջունում և շնորհավորում ենք ձեզ ժողովրդական վստահության հանձնագիր (մանդատ) ստանալու առիթով։

Դուք բոլորդ, հիմնականում, նախկին վարչաօլիգարխիկ կառավարման համակարգը մերժող ժողովրդի կամքի արտահայտության շնորհիվ եք դարձել ժողովրդական պատգամավորներ։ Վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական կացութաձևում «Իշխանություն»՝ նշանակում է երկրի հիմնական հարստության աղբյուրների սեփականատիրություն։ Եվ ձեզ բոլորիդ քաջ հայտնի է, թե ինչպես է ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ սահմանման խախտումով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի սեփականությունն օտարվել ու դարձել օտար երկրների և տեղական մասնավոր ընկերությունների սեփականություն։ Հատկապես ռազմավարական բացառիկ նշանակություն ունեցող միավորների հակաիրավական օտարումով մասնավորեցումն ու դրանց մենաշընորհային կարգավիճակ տալը, երբ մեր երկիրը պատերազմական իրավիճակում է, աններելի հանցագործ ոտնձգություն էր մեր երկրի պետականության և ժողովրդի կյանքի անվտանգության նկատմամբ։ Հարկ ենք համարում ընդգծել, որ համակարգն է ծնում թե՛ տոտալիտարիզմ, թե՛ այդ համակարգում առանցքային անձեր։ Եվ ուրեմն, առանց ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ դրույթին համապատասխան սեփականության իրավունքի կիրառության, և առանց ՀՀ քաղաքացիներին պատկանող երկրի հիմնական հարստության աղբյուրների արդարացի վերաբախշման, հնարավոր չէ նախկին վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական համակարգի մեջ կոսմետիկ փոփոխություններով ունենալ ժողովրդավարական պետություն։ Եվ քանի որ այսօրվա ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից սատարած «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը ենթադրում էր ոչ թե մեկ անձի պարզունակ մերժում, այլ վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական համակարգի մերժում, ապա մենք՝ «Համահայկական Ազգային Համաձայնություն» (ՀԱՀ) շարժման նախաձեռնող խմբի անդամներս, առաջարկում ենք ձեզ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի օրակարգում առաջին հերթին քննել հետևյալ կարևորագույն հիմնարար խնդիրները․

Ա) Տնտեսաքաղաքական գնահատական տալ նախկին երեք ՀՀ նախագահների ղեկավարման տարիների (1991-1997թթ․, 1998-2008թթ․, 2008-2018թթ․) գործընթացներին և հանդես գալ՝

1) Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականության հակաիրավական օտարման դատապարտմամբ ու քրեական պատասխանատվության պահանջով,

2) Հայաստանի Հանրապետության յոթ և ավելի միլիարդ դոլարի չափով պարտքի ծախսումների մանրամասններն ի լույս հանելով,

3) ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական բացառիկ նշանակություն ունեցող բիզնես միավորների նկատմամբ արտոնյալ մենաշնորհային կարգավիճակի արգելման նախագծով։

Բ) Փոխել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված անիրավական դրույթն ու սահմանադրորեն ՀՀ ժողովրդին վերադարձնել բնական ռեսուրսների նկատմամբ իր անօտարելի սեփականության իրավունքը, քանի որ ՀՀ Անկախության Հռչակագրով (7-րդ կետ) հաստատված է՝

«7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է»:

Այս դրույթը վերահաստատված է 2015թ․-ին ՀՀ Սահմանադրության նախաբանում, սակայն նույն սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է՝ «Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են», ինչը ակնհայտորեն հակասում է ՀՀ Անկախության Հռչակագրին ու ՀՀ Սահմանադրության նախաբանում ամրագրված «հայոց պետականության հիմնարար սկզբունքներին»: Այստեղ կարևոր է նշել, որ ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույթը չի եղել ՀՀ Սահմանադրության նախագծում, որը ներկայացված է եղել ժողովըրդի քննարկմանը, այլ անօրինական կերպով ընդգրկվել է ՀՀ Սահմանադրության տեքստում անմիջապես հանրաքվեից առաջ։

Ժողովրդավարական պետության հիմնական, առանցքային և ուղղակի խնդիրն է ժողովրդի սեփականության պաշտպանությունը արտաքին ու ներքին ոտնձգություններից: Սակայն 2015թ.-ին ընդունված ՀՀ Սահմանադրությամբ հաստատագրվել է տրամագծորեն հակառակը՝ բնական ռեսուրսների նկատմամբ ժողովրդի սեփականության իրավունքը վերագրվել է պետությանը:

Այսպիսով, տեղի է ունեցել ժողովրդի սեփականության յուրացում և այդ հանցագործությունն ամրագրվել է պետության բարձրագույն օրենքով, որից ավելի հակաիրավական ակտ անհնար է պատկերացնել: Այդ հակաիրավական դրույթը պետք է անհապաղ փոխել ու սահմանադրորեն ժողովրդին վերադարձնել բնական ռեսուրսների նկատմամբ իր անօտարելի սեփականության բնական իրավունքը:

ՀՀ Ազգային Ժողովի hարգելի պատգամավորներ,

Վերոնշյալ երկու հիմնարար խնդիրների նկատմամբ ձեր դրական դիրքորոշումը, որն առանցքային է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կյանքի և սեփականության իրավունքի առումով, կլինի նախկին վարչաօլիգարխիկ համակարգի իրական մերժում, և հայ ժողովրդի հավաքական ցանկությունը՝ հին համակարգի նկատմամբ հեղափոխությունը, իսկապես կմտնի իրագործման փուլ, որի համար դուք ստացել եք ժողովրդի վստահությունը՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի հանձնագիրը (մանդատը)»։