Շոտլանդիայի նախկին վարչապետին մեղադրել են բռնաբարության փորձի մեջ
Շոտլանդիայի նախկին վարչապետ Ալեքս Սալմոնդին ներկայացվել է բռնաբարության փորձի և սեռական բռնության մեղադրանք:
Նա դատարանի առջև է կանգնել Էդինբուրգում, որտեղ նրան ներկայացվել է ընդհանուր 14 մեղադրանք, այդ թվում՝ անվայելուչ բնույթի հարձակման և հասարակական կարգի խանգարման:
64-ամյա քաղաքական գործիչը և ռուսական RT հեռուստաալիքի հեռուստաշոուի վարողը դատարանում որևէ հայտարարություն չի կատարել և գրավով ազատ է արձակվել:
Դատարանի շենքից դուրս գալով՝ Սալմոնդը հայտարարել է, որ անմեղ է և հավելել է, որ դատարանում կպաշտպանվի իր ունեցած բոլոր միջոցներով:
Չորեքշաբթի Ալեքս Սալմոնդը, որը 2007-2014թթ-ին զբաղեցրել է Շոտլանդիայի առաջին նախարարի պաշտոնը, ցուցմունք է տվել ոստիկանությունում:
Ոստիկանությունը գործ էր հարուցել Շոտլանդիայի կառավարության կողմից ներքին քննությունից հետո, որը կատարվել էր սեռական բռնության վերաբերյալ բողոքների վերաբերյալ, որոնք Սալմոնդը կտրականապես հերքել էր: Անցյալ տարվա օգոստոսին Շոտլանդիայի ոստկանությունը հայտնել էր, որ Սալմոնդին մեղադրել են 2 կանանց նկատմամբ սեռական բնույթի գործողությունների մեջ: Սալմոնդը մեղադրանքը ծիծաղելի էր անվանել: Ընդ որում՝ նա պնդել էր, որ իրեն հնարավորություն չեն տվել իր դեմ առաջ քաշած մեղադրանքները պատշաճ կերպով ուսումնասիրել: