Երևանում կայացել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանի՝ «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոքաղաքականությունը» գրքի շնորհանդեսը։

Հեղինակը նշում է, որ 21-րդ դարում մարդկությանը սպառնացող ավանդական վտանգները, ինչպիսին է, օրինակ, ռազմական վտանգը, այլևս երկրների և ժողովուրդների անվտանգության կարևորագույն մարտահրավերները չեն լինի: Հատուկ արդիականություն է այսօր ձեռք բերում անվտանգության այնպիսի բնագավառը, ինչպիսինն է բնապահպանական անվտանգությունը, մասնավորապես, դրա ջրային բաղադրիչը: Նման խնդիրների առաջ է կանգնած նաև Արցախը, որի համար այս խնդիրը բարդանում է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պատճառով:

«Հետևաբար, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման գործում պետք է հաշվի առնվեն կարգավորման այնպիսի տարբերակներ, որոնք կապահովեն ԼՂՀ լիարժեք և արդյունավետ «ջրային» անվտանգությունը»,- ասել է նա։

Մենագրությունը բաղկացած է վեց գլխից:

Առաջին՝ «Գլոբալ հիդրոքաղաքականությունը ժամանակակից միջազգային հարաբերություններում» գլխում անդրադարձ է կատարվում այնպիսի հարցերին, ինչպիսիք են ջրի խնդիրն ու ջրային պաշարների սակավությունը, ջրային հակամարտությունները, ջրային անվտանգությունը, հիդրոահաբեկչության և տեխնածին աղետների սպառնալիքները: Այստեղ բերված են օրինակներ մոլորակի ամենատարբեր շրջաններից (Ամերիկա, Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ղրիմ, Կենտրոնական Ասիա, Հեռավոր Արևելք):

Երկրորդ՝ «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն. էթնոքաղաքական բնագավառները» գլխում ուսումնասիրվում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տարբեր բնագավառներ, ընդգծվում է Արցախի ամբողջական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը՝ բացառելով Ադրբեջանի կողմից ցանկացած վնասակար ազդեցություն Ղարաբաղի վրա, որի գոյությունից է մեծապես կախված հայոց պետականության ապագան ընդհանրապես:

Երրորդ՝ «Արցախի ջրային ռեսուրսները» գլխում նկարագրվում են Արցախի հիմնական ջրային ռեսուրսները` գետեր, լճեր և ջրամբարներ, ստորգետնյա աղբյուրներ:

Չորրորդ՝ «Ադրբեջանի հիդրոքաղաքականությունը նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (1921-1988թթ.) նկատմամբ» գլուխը ուսումնասիրում է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նկատմամբ Ադրբեջանի հիդրոքաղաքականությանն առնչվող հարցեր: Գլուխը բաղկացած է երեք ենթագլուխներից` «ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացման լիակատար զսպանն ողղված Ադրբեջանի հիդրոքաղաքականությունը», «Բաքվի իշխանությունների հիդրոժողովրդագրական քաղաքականությունը նախկին ԼՂԻՄ-ում» և «Հիդրոահաբեկչություն»:

Հինգերորդ` «Ջրային ռեսուրսների ռազմավարական նշանակությունը Արցախի տնտեսական զարգացման և պետականաշինության գործընթացում» գլխում քննարկվում է Արցախի համար ջրային ռեսուրսների կարևորությունը: Այս համատեքստում կարևոր դեր են խաղում Արցախի մի շարք տարածքներ, մասնավորապես, Քաշաթաղի, և հատկապես՝ Շահումյանի (Քարվաճառի) շրջանները: Վերջինս նաև Հայաստանի Հանրապետության ջրային անվտանգության կարևորագույն բաղադրիչն է, հատկապես հաշվի առնելով, որ Քարվաճառի շրջանում են սկիզբ առնում Արփա և Որոտան գետերը, որոնք, ի թիվս այլ բաների, կարևոր դեր են խաղում Հայաստանում ջրի հիմնական աղբյուրը՝ Սևանա լիճը փրկելու գործում:

Վեցերորդ գլխում ուսումնասիրվում են Արցախի և Ադրբեջանի՝ որպես հարևան երկու պետությունների միջև ապագայում փոխշահավետ համագործակցություն հաստատելու հեռանկարները:

Գիրքը գրվել է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ադրբեջաներեն լեզուներով աղբյուրների և ուսումնասիրությունների հիման վրա: Օգտագործվել են արխիվային նյութեր, պաշտոնական փաստաթղթեր, տպագրված աղբյուրներից (գրքեր, ֆորումներից նյութեր, ԶԼՄ-ներում հրատարակություններ) տեղեկատվություն, ինտերնետ-աղբյուրներ, ինչպես նաև Արցախի ջրային տնտեսության համակարգի, առողջապահության, գյուղատնտեսության, բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունների աշխատակիցների, Բաքվի իշխանությունների հիդրոքաղաքականությունից տուժած ԼՂՀ քաղաքացիների հետ հեղինակի բազմաթիվ մասնավոր հանդիպումների ընթացքում ձեռք բերված տվյալներ:

Օգտագործվել է նաև պաշտոնական փաստաթղթերի և հայտարարությունների լայն շրջանակ, մասնավորապես, ԼՂՀ Նախագահի, վարչապետի, հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների որոշումներն ու պաշտոնական հայտարարությունները, ԼՂՀ կառավարության որոշումները, պարենային անվտանգության և բնապահպանության մասին ԼՂՀ օրենքները, ԼՂՀ ջրային օրենսգիրքը, ԼՂՀ վիճակագրական ժողովածուներ, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական հայտարարությունները: