Եվրամիություն-Հայաստան աջակցության ծրագրերը, որոնք նախորդ տարիներին դեռ ընթացակարգային փուլերում էին, կմեկնարկեն այս տարվանից։

Ավելին, բաղադրիչները, որոնց ուղղությամբ ֆինանսական աջակցություն է տրվելու, հանրայնացվելու են, որպեսզի ծրագրերի մասին լայն շերտերն իրազեկվեն։

ՀՀ կառավարությունը 2017-2019թթ. տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում ձևավորել է աջակցությունների փաթեթը։ Ձեռք բերված պայմանավորվածությունները 2017-2018թթ. ծրագրային մասով թերևս ամփոփված և վերջնական տեսքի բերված չէին։ Ուստի աշխատանքներ են տարվել 2017-2018թթ. ամբողջ փաթեթը այս տարի կյանքի կոչելու ուղղությամբ։ Դրանք կառավարությունում համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո ստորագրվեցին և աշխատանքներ են տարվում արդեն 2019թ ամբողջ փաթեթի մշակման և կիրարկման ուղղությամբ։ Ամենաուշագրավն այս տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն են լինելու։

«ՀՀ»-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը ներկայացրեց ծրագրերի և առանձին բաղադրիչների կառուցվածքը։ Ընդհանուր առմամբ, այս տարվա տարեկան գործողությունների ծրագրերում 3 ֆինանսական համաձայնագրեր են ստորագրվելու ԵՄ-ի հետ՝ տարբեր ուղղություններով։

Առաջին բաղադրիչը համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բարեփոխումների գործիքն է։ Համաձայնագիրը ստորագրելուց հետո, դրա կիրարկման ապահովման համար մշակվել է ճանապարհային քարտեզ։ Համաձայնագրի պատշաճ կիրարկումը ապահովելու նպատակով այս ֆինանսական համաձայնագիրն է ստորագրվել, ինչը ենթադրում է փորձագիտական աջակցություն «Թվինինգ» ծրագրային գործիքով։

Նախատեսվում է ԵՄ անդամ պետություններից փորձագետներ հրավիրել Հայաստան, ընդ որում նաև երիտասարդ փորձագետներ՝ կիրառելու նրանց մասնագիտական հմտությունները ՀՀ տարբեր գերատեսչություններում՝ այդպիսով աջակցելով այս համաձայնագրի կիրարկմանը։ Նախորդ տարվա պիլոտային ծրագրի հաջող փորձը, ըստ Մանե Ադամյանի, թույլ տվեց ընդլայնել ծրագիրը այս տարվա ընթացքում։

ԵՄ անդամ պետություններից կհրավիրվեն նաև բարձր որակավորմամբ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած խորհրդականներ, որոնք երկարաժամկետ ժամանակահատվածով կկցվեն ՀՀ տարբեր գերատեսչությունների՝ աջակցելով հայ մասնագետներին առաջնահերթ ընտրված ոլորտներում։

Այս ֆինանսական գործիքով աջակցություն է ցուցաբերվելու նաև քաղաքացիական հասարակությանը։ Ծրագիրը միտված է ստեղծելու հարթակ քաղաքացիներին ընտրական գործընթացներում ներգրավելու համար՝ այս կերպ նպաստելով Հայաստանի ժողովրդավարացմանը։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ընտրական գործընթացի դիտարկման և վերլուծության արդյունքները կտարածվեն ընտրական ամբողջ գործընթացի ընթացքում՝ օգնելով Հայաստանի քաղաքացիներին տեղեկացված լինել ընտրությունների նախապատրաստման, անցկացման, ինչպես նաև ընտրություններից առաջ, ընտրությունների օրը և դրանից հետո առաջացած խոչընդոտների վերաբերյալ։ Այս համաձայնագիրը կիրարկելու նպատակով հարթակ է ձևավորվելու նաև ՀԿ-ներից կազմված անձանցով և մշակվելու են մոնիտորինգի մեխանիզմներ՝ հետևելով կառավարությանը դրանց կիրակման գործընթացներում։

Երկրորդ համաձայնագիրը միտված է ներառական տնտեսական համաչափ զարգացմանը։ Ծրագրի շրջանակներում այցեր են նախատեսվում ՀՀ մարզեր, գյուղական համայնքներ՝ իրազեկվելու տնտեսական, սոցիալական հիմնախնդիրների մասին։ Մանե Ադամյանը կարևորում է նաև այս ծրագրի բաղադրիչը տնտեսության համաչափ զարգացման տեսանկյունից և նշում, որ, հանդիպելով մարդկանց հետ, բարձրաձայնելու են նրանց հիմնախնդիրները, որոնց համար նորարար լուծումներ են առաջարկելու, լավագույններն էլ ֆինանսավորվելու են։ Ծրագրերը կարող են լինել թե՛ փոքր ենթակառուցվածքային, թե՛ բիզնես բնույթի։

«Տարեկան ծրագրերի ներքո ունենում ենք տարբեր շահառուներ նաև պետական հատվածից, ՏԻՄ-երից։ Բովանդակությունը ձեւավորում ենք ԵՄ-ի հետ համատեղ, սահմանում ենք առաջնահերթությունները, մտքեր ենք հավաքում տարբեր գերատեսչություններից, փոխվարչապետի հետ քննարկումներ ենք անցկացնում, առաջնահերթությունները դարձնում ենք գաղափարներ եւ առաջարկում ենք եվրոպական կողմին։ Այս գումարը ծախսվում է բուն ծրագրի ուղղությամբ, պետբյուջե չի մտնում, և գործընթացը ապահովվում է միջազգային կառույցների կամ դրամաշնորհների միջոցով»,- ծրագրի բուն ընթացքն է նկարագրում Մանե Ադամյանը։

Էներգետիկ անվտանգության և էներգախնայողության ծրագրերը ևս առաջնահերթ են լինելու թե՛ տնտեսական շահավետության, թե՛ սոցիալական խնդիր լուծելու տեսանկյունից։

Միայն 10 մլն եվրո նախատեսվում է ուղղել հանրային և բնակելի շենքերի էնեգախնայողության աշխատանքների իրականացմանն ու ջերմային հատուկ տեսակի նորոգումներին։ Թիրախավորվելու են հատկապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքները և բազմաբնակարան շենքերը։ Նախորդ փորձը, Մանե Ադամյանի համոզմամբ, ցույց է տալիս, որ տարբեր կառույցների կողմից ֆինանսավորվող ծրագրերի արդյունքում 52 տոկոս էներգախնայողություն է տեղի ունեցել։ Նրա հիմնավորմամբ, այս գործընթացները տնտեսապես արդյունավետ են, այն խնայողությունը, որը տնտեսվում է այս ներդրումն իրականացնելու համար, 7-10 տարվա ընթացքում փակում է ինքնածախսը, որից հետո մոտ 50 տոկոս էներգախնայողություն է տեղի ունենում։ Թիրախավորելու են հատկապես հանրային և բնակելի շենքերը, կներառվեն նաև պետական կարևորության կառույցներ։ Ծրագրային բովանդակային մասով համաձայնության են եկել եվրոպական կողմի հետ, փաստաթղթեր են ստորագրվել, և սկսվելու է բոլոր բաղադրիչների պայմանագրերի կնքման գործընթացը։ Աջակցության ծրագրերի ընդհանուր արժեքը 120 մլն եվրո է, որից 40 մլն եվրոն կտրամադրվի այս տարվա աջակցության ծրագրով։

«Որպեսզի կարողանանք այս ծրագրերը կյանքի կոչել, պետք է տարբեր գործընթացների միջով անցնենք։ 2017-2018թթ. մշակվել է աջակցության փաթեթը, որին ուղղված գործընթացները մեկնարկելու են այս տարվանից։ Այս ծրագրերից յուրաքանչյուրը շարունակական է լինելու»,- նշեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը։

Հավելենք, որ համագործակցությունը Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է։