Ազգային ժողովում շարունակվում է կառավարության ծրագրի նախագծի քննարկումը, որի ընթացքում ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նրա կարծիքով՝ հեղափոխությունից հետո մարդկանց սպասելիքները շատ մեծ են, ժողովրդի ակնկալիքները կառավարությունից երբեմն չհիմնավորված շատ բարձր են, սակայն երբ թոշակառուները և նպաստառուները իրենց կենսամակարդակի բարելավում են ակնկալում, չի նշանակում, որ այդ վիճակի պատճառը միայն նրանց ուղեղում է: Պատգամավորն այսպես սկսեց իր ելույթը՝ ակնարկելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե աղքատությունը նախ և առաջ մարդկանց գլխում է:

«30 տարիների ընթացքում անօթևան ապրած քաղաքացիները կարող են սպասել և ակնկալել բարեկեցիկ և լուսավոր բնակարաններ Գյումրիում: Այս սպասումներից լարվել պետք չէ, այս սպասումների իրավունքը նրանք ստացել են հեղափոխությունից հետո, քանի որ վստահություն ունեն իրենց ապագայի նկատմամբ՝ ապրելու իրենց երկրում»,- նշեց պատգամավորը:

Այնուամենայնիվ, Մանե Թանդիլյանը մտահոգված է, որ քաղաքացին սկսել է կորցնել վստահությունը իր ապագայի նկատմամբ.

«Խոսքս կառավարության նկատմամբ վստահության մասին չէ, իմ մտավախությունը սեփական ապագայի նկատմամբ վստահության նվազման մասին է: Վստահությունը սեփական ապագայի նկատմամբ, սեփական երկրում. սա այն է, ինչ մենք պետք է պաշտպանենք և դողանք դրա վրա»,- ասաց Թանդիլյանը:

Ընդդիմադիր պատգամավորը, անդրադառնալով կառավարության ծրագրին, առաջնահերթ խոսեց ներդրումների մասին՝ հարցադրում անելով ինչու՞ պետք է օտարերկրյա որևէ ներդրող ներդրում անի Հայաստանում: Ըստ նրա՝ միայն օրենքի գերակայությունն ու կոռուպցիայի բացակայությունը չեն կարող նպաստել օտարերկրյա ներդրումներին, դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են:

«Եվ այստեղ է անհրաժեշտությունը՝ ունենալ այնպիսի ծրագիր և ռազմավարություն, որը կայուն զարգացում կապահովի և ներդրողի եկամուտների, շահույթների վերադարձ»,- նշեց պատգամավորը:

Ինչպես կառավարության ծրագրի մյուս ընդդիմախոսները, Մանե Թանդիլյանը ևս ընդգծեց, որ կառավարության ծրագրում թվեր չկան, և ծրագրի իրականացման ընթացքն ու արդյունքները չափելու համար թվեր էին անհրաժեշտ.

«Երբ կառավարության անդամները կամ Նիկոլ Փաշինյանը կգան և կասեն՝ այս տարի 2 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, դուք չեք կարող հարց տալ և ասել՝ բայց ինչու՞ այդպես ստացվեց, չէ՞ որ ծրագրում 5 տոկոս աճ էր նախանշված»,- նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը:

Խոսելով աղքատության հաղթահարման մասին՝ Մանե Թանդիլյանը նշեց, որ կարևորում է Նիկոլ Փաշինյանի կողմից դա որպես ցուցանիշ ընդունելը, ինչպես նաև հինգ տարվա ընթացքում ծայրահեղ աղքատության վերացման մասին շեշտելը.

«Երբ որ հարցս փորձում էի պարզաբանել, ցանկանում էի նշել՝ ծայրահեղ աղքատ չի լինելու, դառնալու է ի՞նչ, աղքա՞տ: Այսինքն՝ 25,7 տոկոս աղքատությունը պահպանվելու՞ է, թե՞ նվազելու: Արդյոք սա որպես տնտեսական հեղափոխության հետևանք և չափելի ցուցանիշ թիրախավորվա՞ծ է: Իմ տպավորությամբ՝ ոչ, որովհետև ծայրահեղ աղքատությունը խայտառակություն է, և խայտառակության վերացումը ինձ համար հեղափոխական տնտեսության արդյունք չէ»,- ասաց Մանե Թանդիլյանը:

Պատգամավորը շեշտեց, որ կառավարության ծրագրում պետական պարտքի կառավարման վերաբերյալ խոսք չկա, ինչն, ըստ Թանդիլյանի, կարող է ռիսկի տակ դնել ծրագրի իրականացումը:

«Իմ պատկերացմամբ՝ տնտեսական հեղափոխության համար պետք էին հեղափոխական քայլեր ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլև տնտեսական, ոչ ստանդարտ, շոկային, որից պետք չէ վախենալ վստահության այս աստիճանի պարագում: Այո՛, ծրագրի նպատակը հեղափոխական է, բայց ոչ բովանդակությունը, առավել ևս՝ գործիքակազմը: Ինձ համար սա կարծես զրույց լինի վարչապետի և քաղաքացիների միջև կամ վարչապետի ուղերձ կառավարությանը, բայց ոչ երբեք կառավարության չափելի, հասանելի, վերահսկելի ծրագիր»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ավարտելով ելույթը՝ Մանե Թանդիլյանը նշեց՝ անկախ նրանից, որ ծրագիրը իր համար հեղափոխական չէ, հույս ունի, որ կառավարության տնտեսական թիմի մտքում և ճանապարհային քարտեզում հեղափոխություն տեղի կունենա, և երկիրը կունենա առաջանցիկ տեմպերով զարգացող տնտեսություն: