«Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը «Առողջ ապրելու իմ քայլը» ծրագրի հետագա ընթացքը ներկայացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նշվել է, որ անհրաժեշտության դեպքում այն կարող է ընդլայնվել:

Ծրագիրն ուղղված է բնակչության շրջանում զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, քրոնիկ երակային հիվանդության վաղ հայտնաբերմանը և առողջ ապրելակերպի քարոզչությանը:

Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գագիկ Վելիջանյանը նշել է, որ ընկերությունը պատրաստ է իրականացնել սկրինինգային նոր ծրագրեր` շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման համար, աջակցել մանկական արյան քաղցկեղի համար նախատեսված օնկասպար դեղի ձեռքբերմանը, օգնել ստեղծել առողջապահության ազգային ռեգիստրեր, ինչպես նաև նոր պայմանագիր կնքել դիաբետոն ՄՌ 60 դեղամիջոցը ձեռք բերելու համար:

Քննարկվել են նաև բժիշկների, բուժքույրերի և հիվանդների համար կրթական տարբեր ծրագրեր, վերապատրաստումներ իրականացնելու վերաբերյալ հարցեր: Ընկերությունն իր աջակցությունն է հայտնել նաև հակածխախոտային պայքարում:

Արսեն Թորոսյանը հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի երկարատև և արդյունավետ: