ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինչպես գիտեք ծննդօգնության ծառայությունները շատ կարևոր են ընդհանրապես երկրի առողջապահության և ժողովրդագրական ցուցանիշների համար, և հետևաբար այն մեր ուշադրության կենտրոնում է հենց ամենասկզբից։

Իմ 2018թ-ի հուլիսի 30-ի հրամանով ստեղծվել է մի հանձնաժողով, որը 5 ասվա ընթացքում գնահատել է Հայաստանի բոլոր ծննդօգնություն մատուցող բուժհաստատությունները։ Արդյունքում կատարվել են հետևություններ, հատկապես այդ բուժհաստատությունների մակարդակների մասով։ Ինչպես գիտեք մենք ունենք առաջին, երկրորդ, երրորդ կարգի ծննդօգնություն մատուցող բուժհաստատություններ։ Մակարդակների բաժանումն իր մեջ ներառում է սկսած բուժհիմնարկների հագեցվածությունը, նաև թե քանի ծնունդ են նրանք տարեկան ընդունում։

Կայացվել են որոշումներ բազմաթիվ բժշկական հաստատությունների մասով, սկսած մակարդակների փոփոխությունից, վերջացրած նրանց՝ աշխատանքի հնարավորություն տալով և չտալով։ Քանի որ ծննդօգնությունը յուրահատուկ ոլորտ է, որտեղ երբ շատ քիչ ծնունդներ են ընդունվում բուժհաստատություններում, այնտեղ կտրուկ ընկնում է որակը և կարող են շատանալ բարդացած դեպքերը, հետևաբար մենք պարտավոր ենք այդ որակը ապահովել այդ բուժհաստատությունների հետագա ճակատագիրը որոշելով։

Ցանկանում եմ տեղյակ պահել, որ մինչ օրս Երևանում եղել է 10 բժշկական հաստատություն, որոնք ունեցել են երրորդ մակարդակ, սակայն նրանք չեն համապատասխանել երրորդ մակարդակին։ Այդ բուժհաստատությունների թիվը կրճատվել է 3-ի, մնացած 7-ին շնորհվել է երկրորդ մակարդակ, 2 ծննդատուն դարձել է առաջին մակարդակի, մարզերի երկրորդ մակարդակի 6 բժշկական հաստատություններ դարձել են առաջին մակարդակի, 3 առաջին մակարդակի բուժհաստատություն դարձել է երկրորդ մակարդակի։ Կատարվել է ծննդատների օբյեկտիվ գնահատում։

2019թ-ի պետական բյուջեով նախատեսվել է լրացուցիչ 700մլն դրամ տրամադրել ծննդօգնության ծառայությունների համար, ինչի շրջանակներում կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում 107 000-140 000 դրամի, ինչպես նաև կեսարյան հատման գնի բարձրացում 190 000-220 000 դրամի, բարդացած ծննդաբերությունների համար սահմանվել է նորից բարձր 165 000 դրամ գին։ Գների աճը պայմանավորված է բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ։ Այս ճանապարհով մենք փորձում ենք վերացնել առողջապահական ոլորտում ստվերային գումարներ տալու և վերցնելու դեպքերը։ Ծննդկանի հարազատները չպետք է բժիշկներին տան այդ ստվերային գումարները, իսկ բժիշկները չպետք է ուզեն և վերցնեն դրանք։

Կա ընդունված «տնից բժիշկ կանչելու գումար հասկացություն», որը կրկին թույլատրված չէ։ Ծննդատները ծննդկանին կարող են վճարովի ծառայություն մատուցել միայն հարբժշկական ծառայությունների մասով, այսինքն ծննդօգնության հետ ուղղակիորեն կապ չունեցող ծառայությունների մասով։ Դա կլինի չգիտեմ հավելյալ հիվանդասենյակներ, կամ հավելյալ ծառայություններ, որոնք ուղակիորեն կապված չեն ծննդաբերության, ծննդօգնության հետ։ Եվ մենք սրանով ապահովում ենք ադեկվատ վարձատրություն բոլոր ծնունդ ընդունող բժիշկների համար։

Այսպիսով այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, եթե կլինեն վերոնշյալ խնդիրները, կամ կհանդիպեք նմանատիպ դեպքերի, որոնց մասին ես արձանագրեցի, խնդրում եմ զանգահարել մեր թեժ գծի հեռախոսահամարին և մեզ տեղյակ պահել։

Շնորհակալություն, առողջ եղեք, առողջ բալիկներ ունեցեք»։

Թեժ գծի հեռախոսահամար՝ 8003