2018թ․ հունիսից ի վեր Ամուլսարի ճանապարհների շրջափակման հետևանքով «Լիդիան Արմենիա» ընկերությունը հնարավորություն չի ունեցել վերսկսել աշխատանքները հանքի տեղամասում: Այդ մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ ընկերությունը չի կարողացել իրականացնել ոչ միայն շինարարական աշխատանքներ, այլ նաև կառուցել բնապահպանական պաշտպանիչ համակարգեր՝ առատ տեղումների և գարնանային ձնհալքի հետևանքով էրոզիան և մակերևութային ջրերում նստվածքները կառավարելու նպատակով, ընկերության ունեցած պարտավորությունների և թույլտվությունների պայմանների համաձայն։

«Լիդիանը» տեղեկացրել է կառավարությանը, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի, այդ թվում՝ մակերևութային ջրերի որակազրկման համար, որը «2018թ-ի հունիսից ի վեր կառավարության կողմից ապօրինի շրջափակման վերացման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու հետևանք է»:

«Լիդիանը» բազմիցս դիմել է կառավարությանը՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ։

«Այս ձմեռ Ամուլսարի տեղամասում արձանագրվել են ձյան առատ տեղումներ։ Ապօրինի շրջափակման պայմաններում հնարավոր չէր իրականացնել մակերևութային ջրերում նստվածքների առաջացումը վերահսկելու համակարգի կառուցման աշխատանքները, որը պետք է իրականացվեր նախքան ձյան տեղումները:

Ընկերության կողմից աշխատանքները վերսկսելու պարագայում ամիսներ կպահանջվեն ջրերի կառավարման համակարգերի կառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար։ Մինչ այդ, շրջակա միջավայրի, ջրի և օդի որակի վատթարացման հետ կապված ցանկացած խնդրի առաջացման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,- ասվում է հայտարարության մեջ։