Սլովակիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտին կայցելի Երևան և Բաքու՝ քննարկելու Արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Ես մտադիր եմ այցելել Բաքու և Երևան մարտի առաջին կեսին ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով: Ես հրավեր ունեմ Հայաստանից և Ադրբեջանից»,- ասել է Լայչակը, հայտնում է Interfax.az-ը:

Նա նշել է, որ Սլովակիան ամբողջապես «սատարում է Մինսկի խմբի համանախագահներին:

Ըստ Լայչակի, Հայաստանում կայացած ընտրություններից հետո նոր իրավիճակ է ստեղծվել՝ «կա շատ ուժեղ մանդատ ստացած կառավարություն և դրա հետ կապված կան որոշ սպասելիքներ»: «Մեր նպատակն է օգնել Մինսկի գործընթացի համանախագահներին օգտագործել այդ նոր իրավիճակը»,- ասել է դիվանագետը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին ասել է, որ ՄԽ համանախագահները ՌԴ-ից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից աշխատում են՝ ԵԱՀԿ հետ սերտ համագործակցելով:

«Նրանք արդեն հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների, ԱԳ նախարարների հետ, պատրաստվում են նոր շփումներ: Հաշվի առնելով, որ Հայաստանում բոլորովին վերջերս է նոր կառավարություն ձևավորվել, անկասկած, լրացուցիչ ժամանակ կպահանջվի հասկանալու համար, թե որքանով ինտենսիվ և խորը հնարավոր կլինի զարգացնել կարգավորման գործընթացն այս փուլում»,- ասել է Լավրովը:

Միևնույն ժամանակ Լավրովը նշել է, որ և Մինսկի գործընթացի համանախագահները, և ԵԱՀԿ-ն «կարող են միայն աջակցել երկխոսության համար պայմանների ստեղծմանը, որոշումներն, իհարկե, պետք է կայացվեն ուղիղ խոսակցության, կողմերի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում»: