«Երևանի պետական համալսարանի 100-ամյակը նշվելու է մեծ շուքով»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Արամ Սիմոնյանը ստում է, որ 100-ամյակի միջոցառումները մենք խափանում ենք և միջոցառումներ չեն լինելու։ Շաբաթներ առաջ նույն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո ես գնացել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, նրա հետ միասին քննարկել ենք, որ մեծ շուքով նշելու ենք ԵՊՀ 100-ամյակը, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել։ Ես վարչապետից նման հանձնարարական ստացել եմ։ Ինչ վերաբերում է Սիմոնյանի այն պնդմանը, թե իր անձի հետ է կապված, որ տոնակատարությունների համապատասխան հանձնաժողով չի ստեղծվել, սուտ է, հաջորդ շաբաթ այն անպայման կստեղծվի։ Չի ստեղծվել զուտ տեխնիկական պատճառներով»,- ասել է Հարությունյանը։

ԿԳ նախարարը նշել է, որ ինքը ԵՊՀ ռեկտորին ասել է, թե չի պատկերացնում ԵՊՀ-ի 100-ամյակի տոնակատարությունը նրա մասնակցությամբ.

«Բոլոր նեգատիվը, բոլոր խախտումները, որ կատարվել է համալսարանում, կապված են իր հետ՝ ուսանողների, դասախոսների սահմանափակումներ, բուհի ինքնավարությունը պլինտուսի մակարդակի իջեցնելը ամբողջությամբ իր հետ են կապված։ Եթե մենք մեծ շուքով նշելու ենք 100-ամյակը, ապա ի՞նչ մեսիջ ենք տալու հանրությանը, երբ Արամ Սիմոնյանը շարունակում է պաշտոնավարել»։

Քաղաքական գործիչ, նախկին համալսարանական Արթուր Ղազինյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԵՊՀ 100 ամյակը կնշվի հնարավոր ամենաբարձր մակարդակով և ես, որպես ԵՊՀ շրջանավարտ և նվիրյալ, պարտավորվում եմ անել ամեն ինչ այդ տոնը իրականություն դարձնելու համար»։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ԵՊՀ-ում խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու հատկանիշներով: Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե: Իսկ ռեկտոր Արամ Սիմոնյանը մեղադրանքը շինծու է համարում։