Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրում 2015թ-ին թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում շուտով վերանորոգման աշխատանքներ են սկսելու։

Թուրքական Haberler կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնադրամների տարածաշրջանային ղեկավար Մեթին Էվսենը հայտնել է, որ 2015թ-ի բախումներից հետո վնասված հայկական բողոքական եւ կաթոլիկ եկեղեցիները վերանորոգվում են, իսկ հայկական Սուրբ Կիրակոսի վերանորոգման հետ կապված աշխատանքները մոտենում են ավարտին։

Նա շեշտել է, որ հայ համայնքը չի կարողանում իր միջոցներով վերանորոգել եկեղեցին, ուստի վերանորոգման ֆինանսավորումը հատկացնելու է Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը։

«Եկեղեցու վերանորոգման աշխատանքների համար արդեն տենդեր է իրականացվել և շուտով սկսվելու է վերանորգման աշխատանքները»,- ասել է թուրք պաշտոնյան։

Նշենք, որ 1400 հավատացյալների համար նախատեսված Դիարբեքիրի «Սուրբ Կիրակոս» եկեղեցին կառուցվել է 1376թ.` Անչեփեք թաղամասում, որը տեղի մահմեդականներն անվանում են «գյավուրների թաղամաս», քանի որ այստեղ մինչև Հայոց ցեղասպանությունը բազմաթիվ քրիստոնյաներ են ապրել:

2011թ-ին Սուրբ Կիրակոսը հայ համայնքի և Դիարբեքիրի քաղաքապետարանի միջոցներով վերանորոգվել ու բացվել էր որպես գործող եկեղեցի, սակայն 2015թ-ի դեկտեմբերին Դիրաբեքիրի Սուրի շրջանում սկսված թուրք-քրդական բախումների պատճառով այն կրկին ավերակների է վերածվել։