Դատավորները պետական միջոցների հաշվին առողջապահական ապահովագրություն կստանան, ինչպես նաև կօգտվեն հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից:

Նման որոշում կայացրեց կառավարությունն այսօրվա իր նիստին:

Ինչպես հայտնեց հարցը զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, այս փաթեթում կներառվեն նաև սահմանադրական դատարանի դատավորները, բարձրագույն դատական խորհրդի անդամները:

Նախարարի տեղեկացմամբ՝ դատավորները կօգտվեն Հայաստանում և ԼՂՀ-ում հանգստի ապահովման ծառայություններից, հնարավորություն կունենան օգտվել հիպոթեկային վարկերի ամսական մարումից, կդառնան առողջապահական սոցիալական փաթեթի շահառու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե կառավարությունը ցանկանում է դատական համակարգ ունենալ, պետք է հնարավոր պայմաններ ստեղծի դատավորների համար, որպեսզի նրանք «սրա-նրա ձեռքին չնայեն».

«Մի կողմից, մենք պետք է շատ խստորեն պայքարենք կոռուպցիայի դեմ, ապօրինի որոշումների և կամայական որոշումների դեմ, բայց մյուս կողմից պետք է քայլեր ձեռնարկենք, որ այս ապօրինի որոշումների ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս փոքրացնենք»,- նշեց Փաշինյանը: