ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից իրեն դատի տալուն, հայտարարել է, որ դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Այս մասին գրում է panarmenian-ը։

Նա շեշտել է, որ անմեղության կանխավարկած չի խախտվել։

«Քոչարյանների ընտանիքը որևէ բան չի արել անձամբ ինձ, որ նրանց հետ կապված խոսվում է։ Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաև շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես, որպես սպա, չեմ կարող որևէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ»,- ասել է ԱԱԾ տնօրենը, հայտնում է Aysor.am-ը։

Արթուր Վանեցյանը նշել է, որ պետք չէ անձնավորել այս հարցը։

«Սեդրակ Քոչարյանը կարող է դատի տալ և դատարանը կորոշի՝ մեղավոր ենք, թե մեղավոր չենք», - ասել է նա։

Արթուր Վանեցյանը պնդել է՝ քաղաքական հետապնդման որևէ հարց չկա։

«Առհասարակ, մենք ընդհանրապես չէինք ուզում որևէ հաղորդագրություն տարածեինք, նախաձեռնությունը եղավ իրենց կողմից», - նշել է ԱԱԾ տնօրենը։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ քաղհայցը, որը ներկայացվել է իր դեմ, եղել է հայտնի մամուլի ասուլիսին արած արտահայտության համար։

«Ես ասուլիսից անմիջապես հետո ասել եմ, որ իմ խոսքը եղել է ոչ ճիշտ ձևակերպված, որի համար պարզաբանում եմ տվել, ինչի համար դիմել են դատարան, ի սկզբանե ես հերքել եմ», - ասել է նա։

Այն հարցին, թե երբ ասում էր Քոչարյանների ընտանիք, նկատի ունե՞ր Սեդրակ Քոչարյանին, Վանեցյանը պատասխանել է.

«Քոչարյանի ընտանիք ասելով՝ նկատի ունենք Քոչարյանների ընտանիքի բոլոր անդամներին»:

Նա հավելել է, որ Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունի։