ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ դրամաշնորհի հարցը քննարկելիս:

«Այսօր էլ Հայաստանում վերցնում են կաշառք, երբ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ուղիղ ապացույցն է: Բայց եթե կա այդ երևույթը, դա նշանակում է, որ մենք ոչ թե ամիսը մեկ, երկու այդ հարցով ձերբակալություն ունենանք այլ՝ տասը, քսան: Ինձ չի հետարքրքում դա գործող նախկին պաշտոնյա է, որ կուսակցության ներկայացուցիչ է, իմ ընտանիքի անդամ է, հարևանի ընտանիքի անդամ է»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրամաշնորհներ ստացել են և էլի են ստանալու:

«Երբ գումարում ենք այս դրամաշնորհնեը, աստղաբաշխական թվեր ենք ստանում, եթե այս գումարների էֆեկտիվ ծախսումը ապահովենք, չի կարող դա արդյունք չտալ, չի կարող ՀՀ քաղաքացին իր վրա կոնկրետ փոփոխություն չզգալ»,- ասել է նա և նշել, որ պետք է հարյուր տոկոսանոց երաշխիքներ ստեղծեն, որ նպատակային է ծախսվում բոլոր գումարները՝ պետական միջոցները, վարկային դրամաշնորհային միջոցները:

«Եթե մարդու կյանքում բան չի փոխվում, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը ինչ-որ մի բան գողանում է, ուրիշ տարբերակ չկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա կառավարության ներկայացուցիչներին հորդորել է վայրկյան անգամ զգոնությունը չթուլացնել կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի նկատմամբ: