Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատմությունը չի ճանաչում մի ազգ, որը զարգացել է մեկ ուրիշի կողմից նվաճված կամ նույնիսկ միավորված լինելու ժամանակաշրջանում: Եվ դա ավելի քան նորմալ է: Նույնպես և որևէ կառույցի զարգացման գրավականն իր անկախությունն է:

Ինչո՞ւ անկախությունից ի վեր հակառակ անհատ գիտնականների բավական պատկառելի ներկայության, հայրենական գիտությունն այդպես էլ իր երկրորդված վիճակից չի կարողացել դուրս գալ և այդպես էլ չի վերածվել երկրի առաջատար կառույցներից մեկի: Ըստ իս, պատասխանը հստակ է. որովհետև այն անկախ չէ, այլ ընդամենը Կրթության նախարարության կցորդն է:

Նշածիցս հետևում է, որ որևէ ոլորտին զարգացում ապահովելու համար հարկ է խուսափել հատկապես կարևոր բնագավառները մեկը մյուսին կցել-միավորելու գործելաոճից: Այսինքն, օրինակ, ոչ միայն Կրթության նախարարությանը չպիտի միացվեր դիցուք Մշակույթի նախարարությունը, այլև ԿԳ նախարարությունից ի շահ մեր երկրում գիտության զարգացման պետք է անջատվեր Գիտությունը` դառնալով առանձին նախարարություն»: