Շիրակի մարզի 24 դպրոցում 1300 երեխա ներկայում ներգրավված է ներառական կրթական համակարգում: Նոր ուսումնական տարվանից սպասվում է, որ ևս 124 դպրոց կդառնա ներառական: Մինչ նման որոշում ընդունելը՝ «Հայկական Կարիտաս» և «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցացիա» ՀԿ-ն Եվրոպական միության, Ավստրիայի զարգացման գործակալության և Կարիտաս Ավստրիայի կողմից ֆինանսավորվող «Համայնքային գործընթաց կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում իրականացրել են ուսումնասիրություններ մարզի թիրախային 12 դպրոցում:

Դպրոցների ընտրությունը կատարվել է մի շարք չափորոշիչների հիման վրա: Հաշվի է առնվել նրանց՝ ծրագրում ընդգրկվելու ցանկությունը, ներառական կրթության ոլորտում փորձը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների առկայությունը: Ընտրված դպրոցներից ներկայում միայն 9-ն են իրականացնում ներառական կրթություն: Մյուս 3 դպրոցներում սովորում են հաշմանդամություն ունեցող երեխաներ: Ծրագիրը մեկնարկել է 2017թ. փետրվարին, կատարված ուսումնասիրությունները վերաբերում են 2017թ-ի փետրվարից 2018թ. հունիս ընկած ժամանակահատվածին:

Ըստ ծրագրի պատասխանատուների, դպրոցներում ներառական կրթության վերաբերյալ իրազեկվածության պակաս կա: Ծրագրի շրջանակներում 615 ուսուցիչ և 207 ծնող մասնակցել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿԱՈՒ) երեխաների հետ աշխատելու համար համապատասխան տեխնիկական և մեթոդոլոգիական հմտությունների զարգացմանն ուղղորդված դասընթացներին:

Հայաստանում, չնայած օրենսդրության առկայությանը, բոլոր երեխաների հավասար կրթության իրավունքի մասին իրազեկվածության մակարդակը դեռևս ցածր է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ ընտանիքներում ավագ սերնդի անդամները խոչընդոտում են հաշմանդամություն ունեցող երեխային օգտվել կրթության իր իրավունքից՝ արգելելով նրան հաճախել դպրոց: Նման երևույթների կարելի է ավելի հաճախ հանդիպել գյուղական բնակավայրերում: Որոշ ծնողներ իրենց երեխաներին հատուկ դպրոց ուղարկելու որոշումը բացատրում են հնարավոր խտրականության վախով և հանգամանքով, որ իրենց երեխան տարբերվում է հասակակիցներից:

Փետրվարի 22-ին ծրագրի ամփոփման ժամանակ ծրագրի ղեկավար Գայանե Նորիկյանը հայտնեց, որ իրենց հաջողվել է 7 համայնքում հայտնաբերել հաշմանդամություն ունեցող և դպրոց չհաճախող 13 երեխա: Ներկայում նրանցից 9-ը, անցած ուսումնական տարվանից հաճախում են հանրակրթական դպրոց: Ընտրված դպրոցներից 6-ը ծրագրի թիրախ դպրոցներից են: Համագումարին ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Նա պատմեց, որ 25 տարի առաջ, երբ դպրոցական էր իր կրտսեր որդին, նրա դասարանում պիտի ուսանեին հատուկ կարիքներով երեխաներ: Ծնողները դեմ են արտահայտվել, բողոքել, որ նման մոտեցումը կխաթարի իրենց երեխաների ուսումնական պրոցես:

«Եվ հիմա, տարիներ անց այդ երևույթը չկա՝ ոչ մի ծնող չի բողոքում, և նորմալ է ընդունվում, որ հանրակրթական դպրոցներում պետք է սովորեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ»,- նշեց Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը կրթական ոլորտում նմանատիպ բարեփոխումներ իրականացնելու գործում:

«Շատ դեպքերում երեխաներն ավելի հեշտությամբ են ընդունում հաշմանդամություն ունեցող իրենց հասակակիցներին, քան նրանց ծնողները,- նշեց Աժ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը,- շատ ծնողներ անձամբ են զգուշանում և զգուշացնում սեփական երեխաներին հեռու մնալ հատուկ կարիքներ ունեցող երեխաներից՝ դրանով երեխաների մոտ դիրքորոշում առաջացնելով, և շատ կարևոր է, որ բազմամասնագիտական թիմերը, որոնց մասին այսքան խոսում ենք, ինչպես երեխաների ու ուսուցիչների հետ են աշխատում, այնպես էլ միաժամանակ պետք է աշխատեն ծնողների հետ, որ մտածողություն փոխվի, մինչև ծնողը հասկանա, որ յուրաքանչյուր երեխա հավասար կրթության իրավունք ունի»:

Ըստ Սոֆյա Հովսեփյանի, մայրաքաղաքում այս առումով խնդիրներն ավելի քիչ են, քան մարզերում, որովհետև ավելի շատ են հասարակական կազմակերպությունները, ինֆորմացիան էլ առավել բաց է ու հասանելի:

Համագումարի ավարտին տեղի ունեցավ ծրագրի շրջանակներում լույս ընծայված «Ներառման ինդեքս» գրքի շնորհանդեսը: