Այսօր հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում:

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»։

«Ամեն հայ, եթե միայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ»,- ասել է հայ զորահրամանատար, հայդուկապետ Անդրանիկ Զորավարը:

Նշենք, որ նա հայտնի է նաև որպես Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա։ Նա մեծ դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ Մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշտպանությանը։ Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896թ-ին մեկնում է արտասահման։ 1897թ-ին Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայաստան, ուր մնում է մինչև 1904թ-ը։ 1912-1913թթ-ին Գարեգին Նժդեհի հետ միասին Անդրանիկի գլխավորությամբ հայ կամավորներից կազմակերպվում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմում և մարտնչում Օսմանյան կայսրության բանակի դեմ։

Ռուս գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը, Անդրանիկի մասին գրել է.

«Ես միշտ հանձինս Անդրանիկի տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում է իր Հայրենիքը։ Ես առանձնակի հաճույքով էի միշտ կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում՝ իբրև ազգային հերոսի, որն իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում ազգային իդեալները իրագործելու համար»: