2019թ. փետրվարի 23-ին ‹‹Ջավախքին աջակցություն›› հիմնադրամի երիտասարդական հանձնաժողովը մեկնարկել է ‹‹Անցած ճամփա›› խորագրով հանդիպումների շարքը:

Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանի շոկոլադի գործարանում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի շոկոլադի գործարանի սեփականատեր, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, բարերար Սոս Սահակյանի հետ, որը խոսեց իր անցած ուղու, դժվարությունների, այդ ընթացքում ձեռք բերած հմտությունների, հաջողությունների, հաղթանակների ու կուտակած փորձի մասին: Այն հարցին, թե ո՞րն է իր կարգախոսը, Սոս Սահակյանը պատասխանել է, որ մշտապես համառ և անկոտրուն լինելն է, քանի որ կյանքում անելանելի իրավիճակներ չկան, և բոլոր խնդիրները լուծելի են:

Խոսելով իր թերությունների մասին՝ Սոս Սահակյանը նշել է, որ շատերը համարում են, որ մարդկանց հանդեպ բաց և անկեղծ լինելն է, բայց ինքն այդպես չի կարծում և միշտ պատրաստ է նոր շփումների, որովհետև իր կայացման ճանապարհին այդ շփումները կարևոր նշանակություն են ունեցել:

Նորավարտ երիտասարդները հետաքրքրվել են նաև աշխատաշուկայի պահանջներից, գործարանում առկա աշխատատեղերից և հեռանկարներից:

Նախքան հանդիպումը երիտասարդները ճանաչողական այցով շրջել են Շոկոլադի գորածարանում, համտեսել «տաք-տաք» շոկոլադները, ծանոթացել սարքավորումներին, խոսել փաթեթավորումների դիզայնի և տարբեր շուկաների պահանջարկների մասին: