ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է․

«Հայաստանի Զինված ուժերը չեն պատրաստվում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել և համալրվում են այնպիսի զինատեսակներով, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել հակառակորդի նկրտումները։

Ոչ քանակական առումով, ոչ ժողովրդագրական առումով, ոչ տնտեսական առումով հավասար չենք կարող լինել (Ադրբեջանի հետ՝ խմբ.): Դրա համար մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնելու որակական խնդիրներին»։

Հարցին, թե խոսքը «Սու»-երի մասի՞ն է, Դավիթ Տոնոյան պատասխանել է․ «Նաև «Սու»-երի»:

Դիտարկմանը, թե հաճախ են ասում, որ դրանք թանկ են, նախարարն արձագանքել է.

«Մենք գտնելու ենք արդյունավետ լուծումներ հակառակորդին զսպելու,հակառակորդին հաղթելու»։

Նա ասել է, որ հայկական բանակը ձեռք է բերում նաև հարձակվողական զենքեր:

«Փոխվում է հոգեբանությունը, փոխվում է մոտեցումը, քանի որ պաշտպանության մեջ գտնվող բանակները միշտ պարտություն են կրում: Դրա համար մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում։ Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը՝ մենք չենք հապաղելու», - ասել է նախարարը:

Հարցին՝ հարձակվելու՞ ենք նաև, Դ.Տոնոյանը պատասխանել է. «Իսկ ինչու՞ ոչ»։

Ռուսական նոր վարկով, որը ևս 100 մլն դոլար է կազմելու, Հայաստանը ձեռք է բերելու այնպիսի սպառազինություն, որը հնարավորություն կտա, չմտնելով սպառազինությունների մրցավազքի մեջ, խնդիրները հաջող լուծել։ Սպառազինության տեսակը, ըստ նախարարի, դեռ գաղտնիք է։