Փետրվարի 25-ին կյանքի 65-րդ տարում մահացել է բրիտանացի երաժիշտ, 80-ականների հանրահայտ Talk Talk ռոք խմբի վոկալիստ Մարկ Հոլիսը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է խմբի բաս կիթառահար Փոլ Ուեբը:

«Ցնցված ու վշտացած եմ Մարկ Հոլիսի մահվան մասին լուրերով: Երաժշտության մեջ նա հանճար էր, և ինձ համար մեծ պատիվ ու հաջողություն էր նրա հետ նույն խմբում նվագելը», - գրել է Ուեբը՝ հավելելով, որ Հոլիսի «նորարարական երաժշտական գաղափարները» խորը տպավորություն են գործել իր սերնդի շատ երաժիշտների վրա:

Երաժշտի մահվան պատճառն առայժմ անհայտ է:

Նշենք, որ Talk Talk ռոք խումբը հիմնվել է 1981թ-ին և լայն ճանաչում է ձեռք բերել այնպիսի հանրահայտ երգերի շնորհիվ, ինչպիսին են «Talk Talk»-ը, «It's my life»-ը, «Such A Shame»-ը, «Laughing Stock»-ը և այլն: Խումբն ակտիվ է եղել մինչև 1992թ-ը: